211652_close_icon
views-count4029 դիտում article-date 17:23 06-04-2026

Մինչ կառավարությունը վարչապետի մակարդակով պայքարում է շրջակա միջավայրը աղտոտողների դեմ, Արգել բնակավայրում նախկին դատախազը մի ամբողջ գյուղի գլխավոր ճանապարհը վերածել է թրիքի ու սպառնում է բնակիչներին, թե իր դեմ խաղ չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մինչ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջին տարիներին հայտարարում են, որ պայքար են տանում բնության նկատմամբ ոտնձգություն կատարողների դեմ, իսկ եթե նմանները կան, ապա պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Արգել բնակավայրում մոտ 7 տարի է՝ տիրում է գարշահոտ, հակասական, ամեն պահի խոլերայի վտանգ պարունակող իրավիճակ։

Այսօր՝ ապրիլի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արգել բնակավայրի բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում Շրջակա միջավայրի նախարարությանը, Կոտայքի մարզպետարանին, Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթևոսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ ասելով.

«Մի՞թե վարչապետի տված հանձնարարականը էս 7 տարուց ավելի է պիտի մնա օդում կախված։ Չէ՞ որ կառավարությունը պայքարում է բնությունը աղտոտողների դեմ, իսկ ահա մեր գյուղում ինչ-որ նախկին դատախազ ամբողջ գյուղի մի հատված վերածել է փնթիանոցի։ Մենք գոհ ու ուրախ ենք, որ նա զբաղվում է անասնապահությամբ, բայց բնության հերն անիծելով, մարդկանց հոգեկան հիվանդ սարքելով հարամ լինի էն կաթը, որ նա է ստանում իր կողմից խնամվող խոշոր եղջերավոր անասուններից։ Գյուղի մի զգալի հատված հակասանիտարական վիճակում է ու դրա «կնքահայրը» հենց էդ «վայ» նախկին դատախազն է։ Քանի պետական կառույցի ենք դիմել ու բոլորը ոչինչ չեն անում։ Իսկ մի ամբողջ գյուղ ինչ-որ նախկին դատախազի պատճառով ասես նստած լինի ականի վրա, որն ամեն պահի պայթելու է։ 

Պատրաստ ենք նույնիսկ դիմել կտրուկ միջոցների։ Արդեն մեր համբերությունը սպառվել է, ինչքա՞ն կարելի է սպասել։ Երևի դիմենք ամենածայրահեղ միջոցների, իրականացնենք բողոքի ակցիաներ։ Բայց այս պահին ձեռնպահ ենք մնում՝ հավատալով, որ պատկան մարմինները հետևություններ կանեն և այդ նախկին պաշտոնյային կպարտավորեցնեն տարածքը մաքրել գարշահոտից ու կեղտից»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն տեղեկացվել է նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ում հանձնարարականով կամ այսօր, կամ վաղը մարզպետարանի պատասխանատուներից այցելելու են գյուղ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մարզպետին նաև կատարված աշխատանքների մասին զեկուցելու։ 

Իսկ որ օր առաջ պետք է գյուղը փրկել այդ խոզանոց, հակահիգիենիկ վիճակից, դա ակնհայտ է։ Զարմանալի է նաև, որ հեղինակ նախկին դատախազը ամեն անգամ իրեն դիմող քաղաքացիներին հայտնել էր, թե «ում ուզում եք, բողոքեք, ես ոչ մի պրոբլեմ չունեմ, ամենավերևի մակարդակով գիտեն՝ ես ով եմ ու ինչերի եմ ընդունակ»։ Իսկ թե ինչերի է ընդունակ, դա երևի միայն ինքը գիտի, բայց որ ողջ գյուղը նրա հասցեին «ամենաքաղցր» խոսքերն է ուղղում, դա երևի ինքն էլ գիտի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր