211652_close_icon
views-count3850 դիտում article-date 17:52 03-04-2026

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Տաթև-Կապան ավտոճանապարհին ազգությամբ թուրք վարորդը «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջված մասամբ հայտնվել է ձորակում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 19 կմ հատվածում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Բեդրի Շաքարը իր վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված մասամբ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Մինասյանը և Հրանտ Պետրոսյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր