211652_close_icon
views-count550 դիտում article-date 20:25 01-04-2026

Լարված իրավիճակ Երևանի Արաբկիր վարչական շրջանում․ Արամ Խաչատրյան 33 և հարակից շենքերի բնակիչները սպառնում են դիմել կտրուկ միջոցների՝ ասելով՝ «մի բուռ կանաչ զանգվածը մի վերացրեք և մի դարձրեք քարե շինություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 33 շենքի և հարակից շենքերի բնակիչները փորձում են հասկանալ, թե ով կամ ովքեր են որոշել, որ շենքի բակային հատվածում քարե շինություն կկառուցեն։

Այսօր՝ ապրիլի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Երկար տարիներ այս տարածքը շահագործել է ինչ-որ սրճարան, հետո սկսեց չգործել, ու հանուն արդարության պիտի նշենք, որ այդ հատվածում տիրում էր հակասանիտարական վիճակ։

Սեփական տարածք էր, մաքրման աշխատանքները պիտի կատարեր սեփականատերը, բայց մի քանի անգամ բնակիչներով ենք մաքրել այն։ Հարևանությամբ Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը երեխաների համար խաղային կոնստրուկցիաներ տեղադրեցին, մեկ-երկու զրուցարան սարքեցին, բայց այդ հատվածում էլի մնաց նույն վիճակը։ Լսել էինք, որ Արաբկիրի թաղապետարանը այդ տարածքը սեփականատիրոջից վերցնելու է, բարեկարգի ու ընդլայնի խաղահրապարակը, բայց օրեր առաջ ականատես եղանք, որ ինչ-որ մարդիկ ժամանեցին ու սկսեցին տարածքը զննել։

Հետո պարզ դարձավ, որ շինություն է կառուցվելու։

Քանի օր է՝ ոչ Երևանի քաղաքապետարանից, ոչ Արաբկիրի թաղապետարանից չենք կարողանում հստակ պատասխան ստանալ, և ունենք տեղեկություններ, որ մի քանի հարկանի շենք է կառուցվելու։ Զարմանալի է՝ առանց այն էլ այսքան անհարմարություններով հարուստ այս շենքերի մեջ ոնց կարելի նորից շենք սարքել։ Բա որ արտակարգ դեպքեր տեղի ունենան՝ հրշեջ մեքենաները, շտապօգնության բրիգադները, օպերատիվ մյուս ծառայությունները ոնց են գործելու, տարհանումը որտեղ են անելու։

Հիմա չգիտենք՝ օրինական է, թե անօրինական, եղած ծառերը կմնան, թե դրանք էլ կարժանանան սպանդի։ Դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, շինթույլտվություն է տվել, չեղյալ հայտարարի իր կողմից կայացրած որոշումը։

Եվ ով չգիտի, որ իշխանությունը ունի լծակներ տարածքը ճանաչելու որպես գերակա շահ, բարեկարգելու ու նվիրելու բնակիչներին․ դա կլինի ամենալավ տարբերակը նաև նախընտրական այս թոհուբոհում։

Մենք առաջիկայում դիմելու ենք կտրուկ միջոցների, որպեսզի պատասխանատուները լսեն մեր ձայնը»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ տարածքը քաղաքացու սեփականություն է, և այնտեղ երբեք խաղահրապարակ չի եղել, իսկ սեփականատերը մի քանի անգամ դիմել է Երևանի քաղաքապետարան, և քաղաքաշինության խորհրդում մասնագետների մասնակցությամբ  բազմաթիվ անգամներ քննարկումներ են տեղի ունեցել, ինչից հետո որոշում է կայացվել թույլտվություն տալ։

Իսկ թե ինչ կառուց և քանի հարկ է լինելու, քաղաքապետարանից խոստացել են այդ մասին տեղեկություններ տրամադրել առաջիկայում։

Լուսանկարներն ու տեսանյութը
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր