211652_close_icon
views-count2086 դիտում article-date 13:00 21-03-2026

«Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ծնողի կողմից ոտնձգության ենթարկված 1-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է

Այսօր՝ մարտի 21-ին, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահվան մասին «Արաբկիր» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով արդեն նախաձեռնվել էր սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և հնարավոր է՝ քրեական վարույթը արդեն նախաձեռնվի սպանության հատկանիշներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 16-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։

Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել էին երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։

Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել էին, որ երեխային հիվանդանոց էին տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ոստիկանության Մասիսի բաժին։ 

Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն էր և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի էր ենթարկել ծնողներից մեկը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր