211652_close_icon
views-count2224 դիտում article-date 16:16 18-03-2026

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները ու կողաշրջվելով հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. սկսվել է գազի արտահոսք. օպերատիվ են գործել Եղվարդի շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում, «Սեմուր Ըդն Կո»-ի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյան ու գազախողովակներին, կոտրել դրանք, ապա բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի Նաիրիի մասնաճյուղի ծառայողները և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Նաիրիի մասնաճյուղի աշխատակիցները։

Մոտ 32 րոպե անց նոր միայն ժամանեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և նա ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։

Բախման հետևանքով կոտրված գազախողովակներից առաջացել է գազի արտահոսք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր