211652_close_icon

Հունաստանի ափերի մոտ առնվազն 18 միգրանտ է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովը

views-count1399 դիտում article-date 21:20 07-12-2025
Առնվազն 18 միգրանտ, որոնք փորձում էին հատել Միջերկրական ծովը փչովի նավակով, զոհվել են, երբ այն շրջվել է Կրետե կղզուց հարավ, հայտնում է Associated Press-ը։

Կողքով անցնող թուրքական առևտրային նավը շաբաթ օրը հայտնաբերել է կիսախորտակված նավակը։ Երկու հոգու հաջողվել է փրկել, մյուսների որոնման փրկարարական գործողությունը շարունակվել է։ Երկրի իշխանություններին դեռ հայտնի չէ, թե որ երկրից են ժամանել միգրանտները։

Հունաստանը Եվրոպական միություն մուտքի հիմնական կետն է Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի հակամարտություններից ու աղքատությունից փախչող մարդկանց համար, և պատահարները սովորական երևույթ են։

Թուրքիայի ափերից դեպի հունական մոտակա կղզիներ փչովի նավակներով կամ փոքր մոտորանավակներով, հաճախ վատ պայմաններում կատարվող կարճ, բայց վտանգավոր ճանապարհորդությունը հիմնական երթուղին էր, քանի դեռ ուժեղացված պարեկությունը և ենթադրյալ հակազդեցությունը չէին կրճատել սահմանը հատելու փորձերի թիվը։ Վերջին ամիսներին Լիբիայից Կրետե ժամանողների թիվը կտրուկ աճել է։

Նմանատիպ նյութեր