211652_close_icon

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Ջրվեժում հայտնի «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրում. սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count832 դիտում article-date 16:00 22-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Գառնիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի 2 տեղակալների գլխավորությամբ։

Ոստիկանության Գառնիի բաժնից ահազանգել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Փրկարարները, բացելով դուռը, մահճակալին հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Երևանի գնդի պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Գառնիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Թ.-ն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր