211652_close_icon
views-count53387 դիտում article-date 13:58 20-10-2024

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Աբովյանում հայտնի «Վան» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոնից իրենց հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Վան» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ, ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի բազմոցին բերանքսիվայր հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Ռուստամ Հ.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր