211652_close_icon

Վերապատրաստման դասընթացներն ամրապնդում են խոշտանգումների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծառայողների մասնագիտական կարողությունները

views-count3517 դիտում article-date 14:52 14-11-2025
ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերի և ուղեկցող ստորաբաժանումների անձնակազմի 60 տոկոսն արդեն վերապատրաստվել է «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքը» դասընթացի շրջանակում։

ՆԳՆ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման և բարեվարքության հարցերով բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Անահիտ Կարապետյանի խոսքով՝ «Դասընթացն ունի հարուստ բովանդակային մաս, ինչը ծառայողների գործառույթային պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն է»:

ՆԳՆ կրթահամալիրի և ՄԻՊ գրասենյակի բանախոսները ներկայացրել են ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի և Ստամբուլի արձանագրության հիմնադրույթներն ու ոլորտի իրավակիրառ պրակտիկան։ Հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝
մշակվել է դասընթացի որակը գնահատելու հատուկ մեթոդաբանություն։

«Դասընթացի որակի գնահատման չափանիշները կազմված են 3 բաղադրիչներից՝ պարզել ծառայողների գիտելիքներն ու հմտությունները, գնահատել վերապատրասման դասընթացի որակը և արձանագրել հետադարձ կապը»,-նշել է ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական ստորաբաժանման ընդհանուր իրավաբանական առարկաների ամբիոնի պետ Ամալյա Սաֆարյանը:

Դասընթացի սկզբում հարցման միջոցով գնահատվել է թեմայի վերաբերյալ վերապատրաստվողների իմացությունը, իսկ ավարտին՝ ներկայացված նյութի յուրացման աստիճանը։ Ըստ Անահիտ Կարապետյանի՝ «Վերլուծությունը թույլ կտա գնահատել և՛ մատուցվող ծառայության որակը, և՛ ընկալման աստիճանը, գուցե նաև այն բացերը, որոնք հնարավոր է արձանագրել հետագայում»:

ՆԳ նախարարությունը կարևորում է ծառայողների շարունակական վերապատրաստումները, որոնց նպատակը մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր