211652_close_icon

Ապարանի համայնքային ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ գողացել են 39-ամյա քաղաքացուն պատկանող թվով 253 գլուխ ոչխար․ վնասի չափը 18 մլն դրամ է

views-count2518 դիտում article-date 10:17 14-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2024թ․ հոկտեմբեր ամսից մինչև 2025թ․ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն Արագած սարի արոտավայրից գողացել են Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Աֆանդի Մ․-ին պատկանող 253 գլուխ ոչխար՝ պատճառելով 18 մլն  դրամի նյութական վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ գողացված ոչխարների մի մասը Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն վաճառել են Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Սամվել Հ․-ին, իսկ մյուս մասը գտնվում է Արամայիս Ա․-ի մոտ։

Ապարանի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր