211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Վաղաշեն գյուղում ջրահեռացման խողովակներ տեղադրելու ժամանակ 4 մ երկարությամբ փոսում հողազանգվածը լցվել է քաղաքացու վրա. փրկարարներն ու գյուղացիները 1 ժամից ավելի է՝ փորձում են նրան դուրս բերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5113 դիտում article-date 14:51 09-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Վաղաշեն բնկավայրում հողային աշխատանքներ կատարելիս փլուզում է տեղի ունեցել և 2 քաղաքացի մնացել են հողազանգվածի տակ, նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Սամվել Սարգսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Սիսակայնն ու Երեմ Ավետիսյանը:
 
Տեղում պարզվել է, որ ջրահեռացման խողովակների համար փոս փորելու ժամանակ Վաղաշեն գյուղի 19-րդ փողոցում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել և այն լցվել է մոտ 4 մետր երկարությամբ փոսում աշխատանքներ կատարող Ստեփան Գ.-ի վրա: 

Այս պահին գյուղացիները և փրկարարները աշխատանքներ են կատարում՝ քաղաքացուն այնտեղից դուրս բերելու ուղղությամբ: 

Տեղում պարզվել է նաև, որ մեկին գյուղացիները կարողացել են իրենց ուժերով դուրս բերել փոսից: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:  

Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից արդեն դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականցնում, որ երբ քաղաքացուն դուրս բերեն, անհրաժեշտության դեպքում բուժօգություն ցուցաբերեն, իսկ եթե կարիք լինի, տեղափոխեն հիվանդանոց:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սևակ Սահակյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր