211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը, «VAZ 2107»-ն ու բեռնատար «ZIL»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1945 դիտում article-date 17:29 08-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit», «VAZ 2107» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, «ZIL»-ի թափքն էլ կոտրվել և մասամբ հայտնվել է ճանապարհ երթևեկելի գոտում:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակիի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ս. Գալստյանն ու ավագ պարեկ Քաջիկ Ավետիսյանը: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Արամյանն ու Շողիկ Կիրկոսյանը: 
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր