211652_close_icon

«Աստված տա՝ մի օր հետ վերցնեն Արցախը, ես էլ գնամ, տեսնեմ այն հողը, որի վրա կռվել ու զոհվել է տղաս». զոհվածի մայր․News.am

views-count1972 դիտում article-date 23:09 19-09-2025
«Հադրութում էր տղաս, ծառայակից ընկերների հետ դիրքերում նկատել են, որ ինչ–որ մարդիկ են մոտենում, հագուստից չէին հասկացել են՝ հայ են, թե ոչ։ Կապ էին տվել, ներքևից ասել էին՝ մերոնք են, չկրակե՛ք։ Չգիտեմ՝ դիտմամբ են արել, թե սխալմունք է եղել։ Հարձակվել էին տղայիս ու մյուսների վրա»։ Հեղինե Մարդանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր եկել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված 40-ամյա որդու՝ Հայկ Մարդանյանի շիրիմին ծաղիկ դնելու, հիշատակը հարգելու։

«Ծառայակից ընկերներն են պատմել, որ Հայկի ավտոմատը չի կրակել, նրանք մոտեցել են ու կրակել՝ սկզբից ուսին, հետո՝ գլխին։ Դեմքը չէր վնասվել, երկու օր հետո մարմինն Աբովյան էին բերել, միանգամից ճանաչեցինք»,–NEWS.am–ի հետ զրուցյում պատմում է Հեղինե Մարդանյանը՝ նշելով, որդին սակրավոր էր։

Տիկին Հեղինեն արցունքները հազիվ զսպելով է հիշում օրը, երբ որդին Հադրութ մեկնեց։
«Չգիտեի, որ պատերազմ է սկսել, չէի լսել, Հայկը եկավ, գրկեց, ասաց՝ գնում եմ Հադրութ, պատերազմ է։ Վերջին անգամ այդ օրը տեսա տղայիս։ Վերջին օրը կնոջ հետ էր խոսել, ասել էր՝ ժամանակ չունեմ, մի ժամից կզանգեմ։ Հետո իմացանք՝ զոհվել է»,–հիշում է Հայկի մայրը։

Հաճախ է «Եռաբլուր» գալիս տիկին Հեղինեն, ասում է՝ հանգստություն է գտնում այստեղ.
«Ոնց որ գերեզման չգամ, տպավորություն է՝ թե տուն եմ գալիս, հանգստանում եմ։ Այստեղից գնում եմ տուն ու կարոտում տղայիս, ուզում եմ վերադառնալ»։

Հեղինե Մարդանյանը պատմում է՝ Հայկը միայն երեխա ունենալու մասին էր երազում, ասում է՝ ամեն ինչ ուներ, միայն երեխան էր պակասում լիակատար երջանիկ լինելու համար։

Հիշում է՝ որդին ու նրա կինը հաճախ էին Արցախ գնում, որդին շատ էր սիրում Արցախը։
«Աստված տա՝ մի օր հետ վերցնեն Արցախը, ես էլ գնամ, տեսնեմ այն հողը, որի վրա կռվել ու զոհվել է տղաս»,–ասում է տիկին Հեղինեն։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր