211652_close_icon
views-count3391 դիտում article-date 20:48 12-07-2022

Տղաս անընդհատ երազիս էր գալիս, հանգստություն էր ուզում. Զոհվածի մայր

NEWS.am-ը գրում է. Որպես վկա ոչ մի անգամ չեմ հարցաքննվել, դիմել եմ ամեն տեղ, տվել եմ ցուցմունք, որ մեր երեխաները հենց Աբովյանի դիահերձարանում են եղել. Նույնականացված դիերից մեկը իմ որդունն է եղել, անարգել են որդուս դին: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, դատական նիստից հետո լրագրողներին ասաց զոհված հերոս Ժիրայր Մարգարյանի մայրը:

Զոհվածի մայրը պատմեց, որ գործի շրջանակներում նա որևէ կարգավիճակ չի ստացել, որ դատարանում իր իրավունքները պաշտպանի:

«Եթե մինչ այդ պետության խնդիրը չէր, որ երեխաները հայտնվել էին այդ վիճակում, դա  կրկին անարգանք էր մեր նկատմամաբ, որ բացված գործը կարճվեց: Իմ հուղարկավորած երեխային ես նորից հուղարկավորել եմ, իմ ցավը շատ ուժգին էր ու դաժան: Տղաս անընդհատ երազիս էր գալիս, հանգստություն էր ուզում, ես ցանկացած վիճակում ցանկանում էի գտնել որդուս, որ հուղարկավորեի, իր հանգստությունը գտներ»:

Զոհվածի մայրը հուզված պատմում էր՝ որդին երկու ամսվա զինծառայող էր. «Վաղը՝ հուլիսի 13-ին տղաս պետք է բանակից գար, իսկ ես կանգնած եմ դատարանի առջև: Այն փաստը, որ ես պետք է դիմավորեի իմ երեխային ուրախությամբ, այսօր այստեղ եմ. Ինչիս է պետք Նիկոլ Փաշինյանի ներողությունը: Եթե իշխանությունն ի վիճակի չէր դիմակայելու պատերազմին, ինչի տարավ «հանուն ոչնչի» երեխեքին զոհեց»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբան Գարիկ Գալեյանի բողոքի հիման վրա այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների  դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի հետ կապված:

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները  նման ձեւով պահելու համար։

Նշենք, որ սա այդ աղմկահարույց բացահատման  վերաբերյալ երկրորդ անգամ  վերսկսվող դատական գործընթաց է իրականում:

Առաջինը Գլխավոր դատախազությունն էր հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ կանչվել-հարցաքննվել էին, արդյունքում 2021-ի վերջին քրեական վարույթը ՔԿ-ն կարճել էր:

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 3-ին, որի ժամանակ կհրապարակվի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտում արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Իսկ այդ օրերին, չմոռանանք, ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվեր կառավարությունը չէր հրապարակում:

Նմանատիպ նյութեր