211652_close_icon
views-count1483 դիտում article-date 13:33 03-07-2025

Մարզադպրոցների մարզիչներին վերապատրաստման հնարավորություն կտրվի. ՀՀ կժամանեն արտերկրից բարձրակարգ մասնագետներ

2023 թվականի ապրիլին անցկացվեց արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը, որին մասնակցել են նաև մարզադպրոցների մարզիչները,  որի մասնակցության ցուցանիշները և ստացված արդյունքները վկայակոչեցին վերապատրաստման գործող կարգը վերանայելու և արդիականացնելու անհրաժեշտությունը։

Այս մասին այսօր՝ հուլիսի 3–ին, կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը զեկուցեց Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին որոշումը, որով նախատեսված վերապատրաստման գործընթացներին կներգրավեն նաև արտերկրի մասնագետներին։

Նա տեղեկացրեց, որ  երկու տարվա ընթացքում կամավոր ատեստացիայի է դիմել 272  մարզիչ և այն հաղթահարել է  55 հոգի, ինչը կազմում է ոլորտում աշխատողների 5 %-ը։

Անդրեասյանի խոսքով մարզչական գործունեությունը մարզիչ-մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ծրագիրն իրականացվում է՝ հաշվի առնելով մարզիչների կարիքները:

«Գիտելիքը, հմտությունը հագուստի նման է, այսինքն՝ ժամանակի ընթացքում կարող է մաշվել, եթե նույնիսկ ժամանակի ընթացքում չմաշվի (կարող է 70 թվից հագուստ ունենք, ընդհանրապես մաշված չէ), բայց մեծ օձիքներով է և այլն, փողոց դուրս գալիս չենք հագնում, չէ՞, որովհետև մտածում ենք՝ տարօրինակ տեսք կունենանք: Նույնն էլ գիտելիքն է, եթե ափդեյթ չի արվում, չի լրացվում, ժամանակը առաջ է գնում»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց՝ ծրագիրն ամենամյա է լինելու, վերապատրաստումներին ամեն տարի մասնակցելու է մարզիչների 20 տոկոսը:

«Հայաստանում Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող, ինչպես նաև այլ մարզական կազմակերպություններում աշխատող մարզիչ-մանկավարժների ոչ հաճախակի որակավորման բարձրացումը խոչընդոտում են առաջատար մասնագետների  փորձի մուտքը ոլորտ, խոչընդոտում են նաև առաջխաղացմանը և մասնագիտական աճին:

Այս խնդրի լուծմանն է ուղղված մարզական կազմակերպությունների մարզիչ մանկավարժների վերապատրաստման գործընթացը:

Հաշվի առնելով նաև ռազմական վերջին իրադարձությունները, որի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվի կտրուկ աճ է գրանցվել, խիստ հրատապ և կարևոր խնդիր է զարգացնել ադապտիվ սպորտի ներառման գործընթացը:

Վերապատրաստման նոր կարգը ենթադրում է շարունակականություն բոլոր մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր