211652_close_icon

Արարատի մարզպետարանում «օդ» դուրս եկան. Հայանիստ - Հովտաշեն ճանապարհի փլուզված կամրջին բավարարվել են միայն «մահաբեր» բետոններ տեղադրելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2704 դիտում article-date 23:20 27-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզում՝ Հայանիստ - Հովտաշեն ճանապարհին, ավազով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարի կողաշրջման հետևանքով նշված հատվածում երթևեկությունը դարձել էր միակողմանի։ Դեպքի վայր ժամանած փրկարարները, Արարատի մարզպետարանի, Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները և Արարատի մարզի պարեկները բեռնատարը վերամբարձ կռունկով դարձի էին բերել, որից հետո մասնագետները կարծիք էին հայտնել, որ նշված հատվածով երթևեկությունը վտանգավոր է, պետք է արգելել տրանսպորտային միջոցների երթևեկը նշված հատվածով։

Տեղում Արարատի մարզպետարանից ժամանած պաշտոնյաներից մեկն ասում էր, թե 2 ժամվա ընթացքում անհրաժեշտ պարագաներով կկահավորեն կամուրջը, կտեղադրեն նախազգուշացնող ցուցանակներ, կտեղադրվեն նաև 2 կողմից լուսային փարոսիկներ, որպեսզի վարորդները հեռվից նկատեն, որ կամրջի վրայով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրողը, Արարատի մարզպետարանի չինովնիկներն իրենց խոսքն այս դեպքում էլ կատարեցին թերի, բավարարվել են միայն 2 կողմից բոտենո արգելապատնեշ դնելով, սակայն նախազգուշացնող ոչ մի նման, ոչ մի ցուցանակ ու լուսային փարոսիկ չկա, ինչի պատճառով էլ 2 կողմից վարորդները մոտենում են կամրջին ու տեսնելով, որ չեն կարող անցնել, ամենավերջին խոսքերն են ուղղում պատասխանատուների հասցեին։

Արարատի մարզպետարանը լավ կանի՝ եթե մի բան խոստանում է, ապա կատարի, հակառակ դեպքում ոչ միայն  հսկայկական խցանում է առաջանում, այլև հնարավոր է տեղի ունենան ավտովթարներ։

Խնդիրը երևի թե կարող է լուծել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով մի թեթև եթե «բզի» Արարատի մարզպետին և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնյաներին, ապա արագ ինչ խոստացել էին ճանապարհային նշանների, ցուցանակների լուսային փարոսիկների տեղադրման հարցում, կանեն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հայանիստից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում ավազով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը կամրջի կիսափլուզման պատճառով կամրջի վրա կողաշրջվել էր:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկային: 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Փրկարարները սահմանազատել էին տարածքը:
 
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ: 

Տեղում վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Գևորգ Բ-ն է, փրկարարներին և պարեկներին հայտնել էր, որ ինքը վնասվածքներ չի ստացել:
 
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված կամուրջը կառուցվել է սովետական տարիներին և մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը թե՛ այս, թե՛ Հանրապետությունում գտնվող մի քանի ոչ բարվոք, անգամ ամեն պահի փլուզման ենթակա կամուրջների մասին բարձրաձայնել է, սակայն եթե որոշ կամուրջներ հիմնանորոգվել են, ապա այս և մի քանի այլ կամուրջներ հոգեվարքի մեջ են:
 
Երջանիկ պատահականություն էր, որ այս դեպքում զոհեր և վիրավորներ չկային:
 
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր