211652_close_icon

Բաց թողնված օրերը լրացնելու ենք կրկնակի ուրախությամբ. Արաբկիրի նախկին ղեկավարն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ

views-count4309 դիտում article-date 22:33 01-06-2025
Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Արամ Ազատյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

«Սիրելի երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ, բոլորիս, Հունիսի 1-ի, այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ խաղաղ, անհոգ, երջանիկ մանկություն և բարեկեցիկ ապագա:

Խոստացել էի ձեզ ամեն տարի այս օրը դարձնել անմոռանալի և տարվա բոլոր օրերն ուրախացնել` ձեր ցանկությունները կատարելով: Ոչինչ չի փոխվել, բաց թողնված օրերը լրացնելու ենք կրկնակի ուրախությամբ: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ», - նշված է շնորհավորական ուղերձում։

Հիշեցնենք, որ Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Արամ Ազատյանն անազատության մեջ է: Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթ է նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46 (հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։

ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 13 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: 13 մեղադրյալներից միայն Արաբկիրի նախկին թաղապետն է կալանքի տակ։

Նմանատիպ նյութեր