211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ Մալաթիայի տարածքում, բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count15196 դիտում article-date 11:24 28-05-2025
Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի Հարավարևմտյան թաղամասի տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
 
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բախման հետևանքով կողաշրջված «04»-ի գազաբալոնը և տեղում իրականացնում են հերթապահություն: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արման Մելքոնյանն ու կրտսեր Հովհաննես Վարդանյանը:
 
Վթարի մասին ՊԾ երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, և քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «04»-ի վարորդն է: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում հաճախակի էին լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ բացակայում էին լուսակիրն ու հետիոտնի համար նախատեսված լուսակիրը: Բնակիչներն ամիսներ առաջ խնդրանքով դիմել էին այն ժամանակվա Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ,  ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, որպեսզի այդ հատվածում այդ 2 լուսակիրները տեղադրվեն: 
 
Բնակիչների խնդրանքին ընդառաջեցին Վ. Ղազարյանն ու Ա. Հովաննիսյանը ու տեղում ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ուսումնասիրելով խնդիրը, ընդառաջեց բնակիչների պահանջին ու տեղադրվեցին այդ լուսակիրները, ինչից հետո նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարները կտրուկ նվազեցին, իսկ հիմա Երևանի քաղաքապետարանը պետք է նշված հատվածում կատարի գծանշումներ, այդ թվում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «զեբրայի», սակայն քաղաքապետարանը դեռևս «մատը մատին չի տալիս», որպեսզի այդ հարցը լուծի: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր