211652_close_icon
views-count2404 դիտում article-date 10:30 08-02-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Lada Priora», արնանման հետքեր. կան կասկածյալներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի 73 հասցեի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները, ինչպես նաև համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։

Քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի բակում՝ երկաթյա սյանը հարվածած վիճակում հայտնաբերել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին և հետևի աջ կողային ապակին վնասված վիճակում, թափքը նույնպես ամբողջությամբ վնասված։ Իսկ այդ ավտոմեքենայից մոտ 100-150 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ոստիկանները պարզել են, որ «Lada Priora»-ն պատկանում է Երևանում հաշվառված 22-ամյա Վլադիմիր Գասպարյանին։

Դեպքի մասին ոստիկանության Մարաշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի վայրում աշխատել են նաև քննիչն ու փորձաքրեագետը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևանի քրեական վարչության և ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևանում հայտաբերել են Վ. Գասպարյանին, Երևանի բնակիչներ 20-ամյա Գագիկ Դավթյանին,  37-ամյա Արթուր Ավագյանին և 16-ամյա Աշոտ Գ.-ին։

Վերջիններս ձերբակալվել և տեղափոխել են ոստիկանություն Մարաշի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկաններն ու քննիչները համագործակցված աշխատանքներ են իրականացնում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր