211652_close_icon
views-count3367 դիտում article-date 10:06 13-01-2025

Քննիչներն ու ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ի և «Toyota Prado»-ի վարորդների և 12 վիրավորների ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են երեկ՝ հունվարի 12-ին, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպիտակ-Վանաձոր երթուղու «Գազել»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Համլետ Գ․-ն, իսկ «Toyota Prado»-ն վարել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Գագիկ Դ․-ն։

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ալյուրի վաճառակետի աշխատակից, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Արման Ս․-ն, ինչպես նաև «Գազել»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 58-ամյա Գոհար Պ․-ն, 61-ամյա Արմինե Ղ․-ն, 38-ամյա Գայանե Ա․-ն, 33-ամյա Կարինե Ն․-ն, 18-ամյա Էմիլիա Մ․-ն, 69-ամյա Սիրանուշ Թ․-ն, 36-ամյա Գառնիկ Մ․-ն, 30-ամյա Աստղիկ Ե․-ն, 15-ամյա Հայկ Մ․-ն, 21-ամյա Սերյոժա Ս․-ն և 21-ամյա Համլետ Լ․-ն։
 
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը հաշվառված «Միլարեն»  ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել էին Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան։ 

Վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներ՝ օպերատիվ էին գործել Վանաձորի շտապօգնության բժիշկները, որոնց հետ դեպքի վայր էին ժամանել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները։ Շտապօգնության և Վանաձորի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի և դասակի հրամանատարի տեղակալ Առաքել Վրացյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Սուրեն Անանյանն ու Արեն Մաղաքյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալների և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր