211652_close_icon
views-count6151 դիտում article-date 16:49 11-05-2026

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:56-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են 65-ամյա Գագիկ Պ.-ի վարած Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի  և 60-ամյա Արմեն Գ.-ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի  գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Առաքել Վրացյանը և Նոտար Սարաջյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր