211652_close_icon
views-count1111 դիտում article-date 22:17 27-11-2024

Նշված երկու մեքենաները պատկանում են իմ վարորդի բարեկամին, ով երկար տարիներ բնակվելով ԱՄՆ-ում, վերջին մեկ ու կես տարուց ավելի է ինչ մեքենաներ է ուղարկում Հայաստան, այստեղ վաճառք իրականացնելու համար և այն գրանցվում է իմ վարորդի անունով․ Արմեն Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ երևանցիներ, 
Սիրելի՛ հայրենակիցներ
ԶԼՄ ներկայացուցիչներ,

Մի քանի օր է ինչ որոշ լրատվամիջոցներ նոյեմբերի 24-ին Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաների այրելու դեպքը՝ այս կամ այն կերպ շահարկում են, փորձում են ներկայացնել իբրև իմ դեմ ուղղված քայլ: Որոշներն էլ փորձում են քաղաքական շահարկումներ անել։ 

Որոշել էի այս թեմային առհասարակ չանդրադառնալ այն ստերին, որոնք վերջին շրջանում իմ անձի հետ կապված տարածում են, բայց, հասկացա, որ մեր հասարակությունը պետք է իմանա իրականությունը։ 
Նշված երկու մեքենաները պատկանում են իմ վարորդի բարեկամին, ով երկար տարիներ բնակվելով ԱՄՆ-ում վերջին մեկ ու կես տարուց ավելի է ինչ մեքենաներ է ուղարկում Հայաստան, այստեղ վաճառք իրականացնելու համար և այն գրանցվում է իմ վարորդի անունով։ 

Ինչ վերաբերվում է նշված դեպքին, ապա ուզում եմ տեղեկացնել, որ թե իմ վարորդը, և թե վերջինիս մայրը այս դեպքով ցուցմունք են տվել և ինչպես արդեն հայտնել է ոստիկանությունը, նշված գործով կա ձերբակալված անձ։ 

Միաժամանակ հայտնում եմ, որ իմ, իմ ընտանիքին պատկանող գույքը, տրանսպորտային միջոցը և այլ միջոցները նշված են իմ հայտարարագրում. բաց և թափանցիկ: Թե նախկինում և թե հիմա՝ ես չունեմ որևէ գույք, որոնք այլ մարդու անունով է գրանցված և առհասարակ դեմ եմ նման գործելաոճին, որը չի բխում մեր որդեգրած արժեքներին:

Պատասխանատու հայտնում եմ, որ այդ  մեքենաներն ու դեպքն իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել էին նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողի ինքնությունը:  

Համայնքային ոստիկանները պարզել էին, որ այն հրկիզել էր Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Գաբրիելյանը, ով նշված փողոցի բնակիչ է և Նոր Արեշում հայտնի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյի» տղան է:

Վերջինը տեղափոխել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր