211652_close_icon
views-count1186 դիտում article-date 11:47 19-10-2026

Երևանում 25 տարուց ավելի է՝ Քրիստափորի փողոցում տեղադրված փտած և տապալման եզրին կանգնած էլեկտրասյունը պատուհաս է դարձել 100-ից ավելի բնակիչների համար, ովքեր ասում են․ «Երկար ու ձիգ տարիներ նախկին ՀԷՑ-ը դատարկ խոստումներ է տվել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին մեկ տարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, նրա աշխատակազմի, ՀԷՑ-ի Երևանի ու մարզային մասնաճյուղերի աշխատակիցներն այնքան դարն ապրած, փտած, տապալման եզրին հայտնված, որոշ դեպքերում բնակիչների կողմից «մահաբեր» անունն ստացած էլեկտրասյուներ ու էլեկտրալարեր են փոխել, որ 30 տարի այդ ամենը մատնված է եղել բախտի քմահաճույքին։

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի փողոցի 2-րդ նրբանցքի 15 տան մոտ դեռ սովետական տարիներից տեղադրված է եղել փայտե էլեկտրասյունը, հիմա այն, ինչպես բնակիչներն են ասում, իր դարն ապրել է։ Եվ այն պիտի փոխվի առաջին հերթին հենց բնակիչների անվտանգությունից ելնելով, սակայն բնակիչները 25 տարուց ավելի է դիմումներ ու ահազանգեր են տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», որտեղից մեկ-երկու անգամ բարեհաճել են նշված վայր, խոստացել, որ էլեկտրասյունը կփոխեն ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ գնացել ու դարձել են «Նոյի ագռավ»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «25 տարի է՝ դիմել ենք նախկին ՀԷՑ, 25 տարի է՝ նրանք մեզ միայն դատարկ խոստումներ են տվել, կամ էլ գլխներիս տակ փափուկ բարձեր են դրել ու մտքներով չի էլ անցնում, որ էս մեզ համար արդեն «ատոմային ռումբ» համարվող որդնած էլեկտրասյունը փոխեն։ Նախկին ՀԷՑ-ին ինչքան դիմել ենք, ստացվել է՝ «էշ, մի սատկիր, գարուն կգա» պատասխան։ Հիմա լսել ենք, թե ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի շնորհիվ իր աշխատակազմը, ՀԷՑ-ի մասնաճյուղերն ու էլեկտրացանցերը ինչ ահռելի աշխատանքներ են կատարել ու շարունակում կատարել սպառողների անվտանգությունն ապահովելու համար։

Դրա համար խնդրանքով դիմում ենք Ռ. Պետրոսյանին՝ վստահ լինելով, որ մեր փողոցը, որտեղ շարժը բավականին շատ է ու 100-ից ավելի բնակիչներ կան, կփրկի այդ փտած էլեկտրասյունից։ 

Էլ չենք ասում՝ մի թեթև քամի է լինում, տպավորություն է, որ այն կտապալվի, էլեկտրալարերն էլ կպնում են իրար ու «դուգա» տալիս, եղել են նաև դեպքեր, երբ բնակիչների էլեկտրատեխնիկան, համակարգիչները, գազի կաթսաները, որոնք հոսանքով են աշխատում և շատ այլ տեխնիկաներ փչացել են»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր