211652_close_icon
views-count2932 դիտում article-date 17:03 26-11-2024

Էրեբունու համայնքային ոստիկանների հսկայածավալ աշխատանքը տվեց իր արդյունքը. քաղաքապետարանի պաշտոնյային պատկանող 2 «Lexus»-ը հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշում հայտնի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյի» որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողի ինքնությունը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ այն հրկիզել է Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Գաբրիելյանը, ով նշված փողոցի բնակիչ է և Նոր Արեշում հայտնի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյի» տղան է:

Վերջինը տեղափոխել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 24-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կան կայանված ավտոմեքենաներ։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին տան բնակիչներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել էին այն։ 

Պարզվել էր, որ այրվել են Անահիտ Գ․-ի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ «Lexus»-ներից մեկը ամբողջությամբ այրվել էր, մյուսն էլ դարձել էր ոչ շահագործելի։

Այրվել էին նաև կենցաղային իրեր, պատուհաններ և ջերմահարվել էին ավտոտնակի պատերը։ Բնակիչների ու հրշեջների աշխատանքի շնորհիվ հարևան տներ կրակի տարածումը կանխվել էր։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոտնակը, որում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ էր բռնկվել, պատկանում է Նոր Արեշում հայտնի «Սամիկոյին», ով Նոր Արեշում հայտնի գարեջրատներից մեկի սեփականատերն է, իսկ նրա տղան՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, այս տարի հուլիսի 9-ին Երևանում Էրեբունի փողոցում «Քաղաքացիացական պայմանագիր» կուսակցության մոտ կրակել և հրազենային վնասվածք էր պատճառել Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ին, իսկ ավտոմեքենաները Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վարորդինն են և այդ ավտոմեքենաները Միացյալ նահանգներից էին ներմուծվել Հայաստան։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր