211652_close_icon
views-count865 դիտում article-date 09:24 16-11-2024

2025 թվականի սկզբից հանրապետականները վերահսկելու են Սպիտակ տունն ու Կոնգրեսը. «Ամերիկայի ձայն»

Հանրապետականները պատրաստվում են ամբողջովին իրենց ձեռքը վերցնել ԱՄՆ գործադիր ու օրենսդիր իշխանությունները՝ գալիք տարվա հունվարի երրորդ շաբաթից, երբ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կզբաղեցնի Սպիտակ տունը, իսկ կուսակցության պատգամավորները կբազմեն Սենատում ու Ներկայացուցիչների տանը։ Հաղրոդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ներկայացուցիչների տան և Սենատի հանրապետականները մանդատ են ստացել։ Ամերիկյան ժողովուրդը ցանկանում է, որ մենք իրականացնենք և ապահովենք Թրամփի առաջ քաշած «Նախևառաջ Ամերիկան» օրակարգը»,- այս շաբաթ հայտարարել է գործող Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը:

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին՝ նոր Կոնգրեսի առաջին նիստից երկու շաբաթ անց:

78-ամյա Թրամփի նախընտրական օրակարգը լայնածավալ էր, և դեմոկրատներին դժվար է կլինի դեմ հանդես գալ, եթե չլինեն հանրապետական այնպիսի պատգամավորներ, որոնք կարող են որոշ հարցերի պարագայում անցնել դեմոկրատների կողմը՝ զրկելով Հանրապետական կուսակցությանը որոշիչ մեծամասնությունից Կոնգրեսում:

ԱՄՆ 100-տեղանոց Սենատում հանրապետականները կուենան 53 աթոռ՝ դեմոկրատների 47-ի դիմաց։ Եթե մանդատները հավասար բաշխվեին՝ 50-50, ԱՄՆ նորընտիր փոխնախագահ, հանրապետական Ջեյ Դի Վենսը կարող էր հարազատ կուսակցության համար առավելություն ապահովեր։ Երկրի փոխնախագահը ի պաշտոնե համարվում է Սենատի ղեկավար և ունի ձայնի իրավունք։

Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը, հանրապետականները նույնպես ունեն մեծամասնություն՝ 435 տեղերից 218-ը նրանց են պատկանում, 209-ը՝ դեմոկրատներին, ևս 8 աթոռի համար քվեարկության արդյունքները դեռ հայտնի չեն։

Ինչպես նշեցինք, Սպիտակ տունը վերստին նվաճելու ակնկալիքով՝ Թրամփը նախընտրական մի շարք խոստումներ է տվել՝ զանգվածաբար արտաքսել ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին, երկարաձգել հարկերի կրճատման ծրագիրը, որը սկսվեց 2017 թվականին և պետք է ավարտվի 2025 թվականին, սահմանափակել իշխանությունների միջամտությունը մասնավոր ընկերությունների գործերին, մեղմացնել ամերիկյան ձեռնարկություններին ներկայացվող պահանջները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեքստում և պայքարել «ներքին թշնամու դեմ»։

Հարավային Դակոտայից ընտրված սենատոր Ջոն Թունը, որին իր հանրապետական գործընկերները ընտրել են նոր Սենատի մեծամասնության առաջնորդ, հայտարարել է. «Այս հանրապետական թիմը միասնական է: Մեկ թիմ ենք: Ոգևորված ենք՝ մեծամասնությունը վերադարձնելու, Ներկայացուցիչների տան մեր գործընկերների հետ համագործակցելու և նախագահ Թրամփի օրակարգն իրականացնելու պատճառով»:

ԱՄՆ նոընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկը մյուս հետևից նշանակում է իր կողմնակիցներին ապագա կառավարության անդամներ: Այդ մարդիկ ակտիվորեն աջակցում էին նրան նախորդ չորս տարիներին, երբ պարտվելով Բայդենին՝ Թրամփը հեռացել էր Սպիտակ տնից։ Ակնկալվում է, որ նորընտիր նախագահի նշանակումները, հիմնականում, խնդիրների չեն բախվի Սենատում և արագ կհաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից։

Այդուհանդերձ Թրամփի առաջ քաշած թեկնածուներից երեքը արդեն իսկ քննադատության են արժանացել դեմոկրատների և որոշ հանրապետականների կողմից, որոնց կարծիքով այդ մարդիկ պատրաստ չեն նման պաշտոններ զբաղեցնելու։

Խոսքը՝ Ներկայացուցիչների տան նախկին անդամ Մեթ Գեյցի մասին է, ում Թրամփը տեսնում է արդարադատության նախարարի պաշտոնում, նաև՝ Թուլսի Գաբարդի, ով նախկինում դեմոկրատ կոնգրեսական էր, այժմ՝ հանրապետական, և պետք է զբաղեցնեի ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը, ու վերջապես՝ Փիթ Հեգսեթի, ով Fox News-ի հաղորդավար է, և գլխավորելու է Պենտագոնը:

ԱՄՆ-ում Սենատն է հաստատում նախագահի առաջադրած նախարարական թեկնածուներին, և կարող է մերժել՝ ստիպելով Սպիտակ տանը նոր թեկնածու ներկայացնել։

Հինգշաբթի Դոնալդ Թրամփը հայտատարեց, որ մտադիր է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և ժամանակին պատվաստանյութերի դեմ հանդես եկող Ռոբերտ Էֆ Քենեդի-կրտսերին նշանակել Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության ղեկավար, Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բերգամին՝ ներքին գործերի նախարար, Ներկայացուցիչների տան նախկին անդամ Դագ Քոլինզին՝ Վետերանների գործերով նախարար, իր փաստաբան Թոդ Բլանշին՝ գլխավոր դատախազի տեղակալ։

Դիտորդների խոսքով՝ 42-ամյա Մեթ Գեյցի նշանակումը կարող է, իրոք, խնդրահարույց լինել։ Որոշ սենատորներ բացահայտ կասկած են հայտնում, թե արդյոք նա կարող է Կոնգրեսի վերին պալատում ստանալ 51 ձայն՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար։

Գեյցը Ներկայացուցիչների տան էթիկայի հանձնաժողովի քննության ներքո էր, որը պետք է պարզեր՝ արդյո՞ք նա առնչություն ունեցել է սեռական ոտնձգություններին և թմրանյութերի ապօրինի օգտագործմանը։ Սակայն քննությունն անավարտ մնաց, քանի որ այս չորեքշաբթի Գեյցը հրաժարվեց Կոնգրեսի ստորին պալատի պատգամավորի մանդատից։

Արդարադատության նախարարությունը, որը ենթադրաբար պետք է նա գլխավորի, որոշել էր քննություն չսկսել հնչած մեղադրանքների կապակցությամբ։

Նշենք, որ ԱՄՆ-ում Արդարադատության նախարարության ղեկավարը՝ նախարարը, գլխավոր դատախազն է։

Գեյցը հերքում է իրեն ներկայացրած մեղադրանքները։

NBC-ի հետ զրույցում Ջոն Բոլթոնը, որ Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության ժամանակ նրա խորհրդականն էր՝ ազգային անվտանգության գծով, Գեյցի առաջիկա նշանակումը անվանեց «ԱՄՆ պատմության ընթացքում նախարարական պաշտոնի համար առաջ քաշված վատագույն թեկնածու»։

Բոլթոնը նաև «ծիծաղելի» ու «վատագույնների երկրորդն է» անվանել Թուլսի Գաբարդի ապագա նշանակումը։

«Չեմ կարծում, որ սա արժանավոր նշանակում է գլխավոր դատախազի պաշտոնի համար»,- ասել է Ալյասկան ներկայացնող հանրապետական սենատոր Լիզա Մերկովսկին։

Մեյն նահանգից ընտրված հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզն իր հերթին նշել է, թե «շոկի մեջ է»՝ Գեյցի հնարավոր նշանակման առնչությամբ։

Դեմոկրատ նորընտիր սենատոր Էնդրյու Քիմը հայտարարել է, որ իրեն հավելյալ տեղեկությունների անհրաժեշտ չեն, քանզի իր համար պարզ է՝ քվեարկելու է Գեյցի դեմ։

Քննադատության է արժանացել նաև Թրամփի որոշումը 43-ամյա Թուլսի Գաբարդին առաջադրել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Նշվում է, որ Գաբարդը փորձառություն չունի հետախուզության ոլորտում և անգամ մեղադրվել է Կրեմլամետ ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Եթե նրա նշանակումը հաստատվի, նա պետք է վերահսկի ԱՄՆ 18 հետախուզական գործակալությունների աշխատանքը։ Ըստ լրատվամիջոցների՝ Գաբարդը Թրամփի բարեհաճությունը շահել է, երբ Հավայներից ընտրված Նեկայացուցիչների տան դեմոկրատ անդամ էր, բայց փոխեց կուսակցությունը՝ դառնալով հանրապետական և աջակցեկով Թրամփին։

Քննադատության է արժանանում նաև 44-ամյա Հեգսեթը, ով չունի ռազմական ղեկավարի փորձ։ Fox News-ի հաղորդավարը հայտնի է ռազմական գործողությունների վերաբերյալ իր մեկնաբանություններով։ Նախկինում դեմ է արտահայտվել, որ կանայք ծառայեն մարտական ստորաբաժանումներում, և Թրամփին կոչ էր արել ներում շնորհել պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող ամերիկացի զինծառայողներին։

Նմանատիպ նյութեր