211652_close_icon
views-count1102 դիտում article-date 23:13 07-11-2024

Ադրբեջանցի լրագրողն ազատազրկման է դատապարտվել հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով

Ադրբեջանցի լրագրող Նազաքեթ Մամեդովան 13 տարվա ազատազրկման է դատապարտվել հօգուտ Ռուսաստանի լրտեսության, պետական դավաճանության մեղադրանքով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Մամեդովան քաղաքական մեկնաբան է, հաղորդումներ է վարել նաև Alfa TV-ի յութուբյան ալիքում։ Ադրբեջանի իրավապահները պնդում են, որ նա համագործակցել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ, որոնց հանձնարարությամբ «բացահայտ ռուսամետ» հարցազրույցներ, նյութեր է հրապարակել։

Ըստ քրեական գործի նյութերի՝ Մամեդովան պարբերաբար մեկնել է Մոսկվա և գաղտնի հանդիպումներ անցկացրել այնտեղ, ինչպես նաև փորձել է ռուսական հատուկ ծառայությունների որոշ աշխատակիցների հետ հանդիպումներ կազմակերպել։ Ադրբեջանի իրավապահների պնդմամբ՝ լրագրողն իր աշխատանքի դիմաց գումար է ստացել այլ անձանց անունով բանկային փոխանցումների միջոցով։

Մամեդովան կալանքի տակ է 2023 թվականի հոկտեմբերին։ Նա դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ռուսաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել այս քրեական գործին։

Նմանատիպ նյութեր