211652_close_icon
views-count1006 դիտում article-date 15:47 27-10-2024

Եվրոպացի դիտորդները քննադատել են Վրաստանում ընտրությունները. նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է արտակարգ հայտարարություն անել

Ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել բևեռացված միջավայրում, որը հաշվի չի առել հավասարությունն ու թափանցիկությունը, ասել է Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։ Փոխանցում է Tert.am-ը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները մշտադիտարկել է կազմակերպության 88 ներկայացուցիչ, հայտնում է newsgeorgia.ge կայքը։

Ըստ ENEMO-ի, հայտնաբերված խախտումները «էապես խարխլել են ընտրական գործընթացի ժողովրդավարական բնույթը»։

«Բացահայտվել են ընդգծված բռնություններ ընդդիմության նկատմամբ, ինչպես նաև վարչական ռեսուրսի չարաշահում, ճնշում է գործադրվել քաղաքացիական հասարակության և լրագրողների վրա»,- ասել է Վույովիչը։

Մինչդեռ նախագահի Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստվում է տեղի ժամանակով 21։00-ին արտակարգ հայտարարություն անել: Սպասվում է, որ նա մեկնաբանելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Զուրաբիշվիլին բացահայտորեն աջակցում է ընդդիմությանը, նրա նախաձեռնությամբ էր, որ հիմնական ընդդիմադիր ուժերը ստորագրել են Գործողությունների եվրոպական խարտիան։ Ընտրություններից հետո նրանք բոլորը հայտարարել են, որ քվեարկությունը կեղծված է, և իրենք չեն ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։

ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը 2012 թվականից ի վեր չորրորդ անգամ հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 54 տոկոսը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ չորս ընդդիմադիր միավորումներ ընտրություններում ընդհանուր առմամբ հավաքել են 37,3 տոկոս։

Դրանք են՝ «Փոփոխության կոալիցիա» կուսակցությունը, «Միացյալ ազգային շարժում»-ը, «Ուժեղ Վրաստան»-ը, «Հանուն Վրաստանի»-ն։ Դրանք բոլորը Գործողությունների խարտիայի մասնակիցներ են, որով պարտավորվել են Վրաստանը վերադարձնել բարեփոխումների ուղի և վերականգնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները։

Նմանատիպ նյութեր