211652_close_icon
views-count38898 դիտում article-date 13:08 30-09-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. 28-ամյա տղամարդը պերֆերատորով հողային քանդման աշխատանքներ կատարելիս դիպել է էլեկտրալարին, ինչից առաջացել է պայթյուն. նրան այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի քաղաքացի այրվածքներով կանգնած է Խորենացի 28/4 հասցեի մոտ:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտենում են նշված վայր, իսկ այդ ընթացքում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը զանգում է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները այդ քաղաքացուն, ում հագուստը, կարելի է ասել, այրված էր, իսկ մարմնի տարբեր հատվածներում էլ կային այրվածքի հետքեր, բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստանում, ապա նրան տեղափոխում են Այրվածքաբանության ազգային կենտրոն:  

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով հիվանդանոց է ուղեկցել 3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանը, ով այնուհետև վերադարձել է դեպքի վայր և այս պահին նույն գումարտակի պարեկ Արտակ Սաֆարյանի հետ սահմանազատել են տարածքը, քանի որ կա վտանգ:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին պերֆերատորով ասֆալտի քանդման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ անզգուշաբար դիպել է նշված վայրով անցնող հոսանքի լարին, ինչից պայթյուն և հրդեհ է առաջացել, և նա ստացել է այրվածքներ:

Այս պահին ճշտվում է՝ դեպքի վայր պետք է ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, թե էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, քանի որ դեռ հստակ չէ՝ դեպքը որ վարչական շրջանի տարածքում է տեղի ունեցել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Էրբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ,  28–ամյա Վաչիկ Ա.-ն է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր