211652_close_icon
views-count820 դիտում article-date 14:38 11-09-2024

ԱՄՀ-ն 1,1 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները համաձայնություն են ձեռք բերել 15,6 միլիարդ դոլարի չափով օգնության ծրագրից Կիևին 1,1 մլրդ դոլար մասնաբաժին հատկացնելու շուրջ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՀ-ի մամուլի ծառայությունը։ 

ԱՄՀ-ի խմբի ղեկավար Գևին Գրեյը սեպտեմբերի 4-10 Կիևում քննարկումներ էր անցկացրել Ուկրաինայի իշխանությունների հետ։ Նա հայտնել է, որ աշխատակազմերի մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել։ Այժմ այդ համաձայնությունը պետք է հաստատի ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը, ինչը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։ 

Հետագա պայմանների շարքում են հարկային ոլորտի բարեփոխումները, նոր Բարձր վարչական դատարանի ստեղծումը, Ուկրաինայի ազգային բանկի արտաքին աուդիտը։

2023 թ. մարտին ԱՄՀ-ն հաստատել էր Ուկրաինայի համար 15,6 միլիարդ դոլարի քառամյա ծրագիրը: Ֆինանսավորում ստանալու համար Կիևը պետք է կատարի որոշակի պարտավորություններ։ ԱՄՀ-ից միջոցներն ստացվում են առանձին մասնաբաժիններով՝ այդ պայմանների կատարման վերստուգումից հետո: Ուկրաինան 2,2 մլրդ դոլարի չափով նախորդ մասնաբաժինն ստացել է հուլիսի սկզբին։

 

Նմանատիպ նյութեր