211652_close_icon
views-count29631 դիտում article-date 09:21 21-07-2024

Ահազանգ՝ Աբովյանից․ ըստ բնակիչների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի հորեղբայրը դատախազության «քթի տակ» ծառերի հաշվին քարե շինություն է կառուցում, իսկ իրականում հեղինակը Աբովյանի նախկին քաղաքապետի հորեղբայրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին տարիներին Աբովյան քաղաքում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ու շարունակվում են իրականացվել՝ գաղտնիք չէ։ Վերջին տարիներին Աբովյան քաղաքում քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, քաղաքապետի տեղակալներ Դավիթ Զարոյանի, Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ ստեղծվել են բազմաթիվ ոչ միայն խաղահրապարակներ, այլև նաև կանաչ գոտիներ։ Տնկվել ու ոչնչացումից փրկվել են հազարավոր ծառեր։ 

Երեկ՝ հուլիսի 20-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում, ասելով, որ քաղաքի դատախազության «քթի տակ» ինչ-որ շինություն կառուցելու համար ծառերի սպանդ են իրականացնում։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Նախկինում այս տարածքը հարթ տարածություն էր։ Ահագին ծառեր կային տնկված, սակայն չգիտես ում «դաբռո»-ով տարածքը սեփականաշնորհվեց, ինչը մեզ համար հանելուկ էր։ Գալիս էինք մեր հանգիստն էինք անցկացնում, իսկ հիմա արդեն հիմքը փորել են, վերացնելով ահագին ծառեր։ Մի քանի հատ էր մնացել, այդ թվում եղևնիներ, որոնցից մի քանիսը երեկ արդեն տրակտորով հողին հավասարեցրին։ Հիմա չգիտենք, ինչ են կառուցում, ով է կառուցում, քանի որ երկաթները տեղադրեցին, սակայն ոչ մի ցուցանակ չկա, իսկ օրենքը պարտադրում է, որ պետք է անպայման ցուցանակ լինի, որով մարդիկ իմանան, երբ է շինթույլտվությունը տրվել, ինչ է կառուցվելու, ով է կապալառուն, ով է սեփականատերը և երբ է լինելու շինարարության ավարտը։ Անգամ նախազգուշացնող ցուցանակներն են բացակայում, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ հատվածում շինարարական աշխատանքներ է կատարվում։ Մեզ հասած տեղեկություններով այն պատկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի հորեղբորը ու ճիշտն ասած զարմացած ենք, թե ինչու հենց այս վայրում որոշվեց ծառերի հերն անիծելու հաշվին քարե շինություն կառուցեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում տրակտորիստը մի քանի ծառ տապալեց, որոնք հետո փակեց հողով, հավանաբար որպեսզի քաղաքացիները չտեսնեն։

Դեպքի մասին տեղեկանալով Աբովյանի քաղաքապետ Է․ Բաբայանի հանձնարարականով ժամանել էին քաղաքապետարանի, կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր փորձում էին ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, սակայն տեղում պարզել էին, որ այն սեփականաշնորհված է։ Դեպքի մասին տեղեկություններ են ստացել նաև ոստիկանության Կոտայքի բաժնում, որտեղից դեպքի վայր պետք է ժամանեին համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ տեղում պարզելու հանգամանքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բնակիչները շահարկում են Կարեն Գիլոյանի անունը, սակայն իրականում այդ ամենի հեղինակը Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրն է՝ Վանիկ Գուլոյանը։ Իսկ թե ինչու են փորձում մարդկանց մոլորեցնել, դա երևի իրենց է հայտնի։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի անգամ բնակիչներին պնդել է, որ իրենք սխալ տեղեկություններ են տարածում, նրանք էլ հակառակն էին պնդում՝ ասելով, թե իրենց տեղեկոթյունը հավաստի է։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր