211652_close_icon
views-count35172 դիտում article-date 10:41 13-05-2024

Հերթական կրակոցները՝ Կոտայքի մարզում․ Քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր, Քասախում վիճաբանության ժամանակ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել , որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել և մի տղամարդ ավտոմատը ձեռքին շրջում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը քրեական ոստիկանությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ  Ռուբեն Դավթյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի  բաժնի և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 10-ին Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վազգեն Ք․-ն հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Մ․-ի հետ և հայհոյել վերջինիս, ապա իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մայիսի 11-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում, Քասախ գյուղի Ռ.Սաֆարյան փողոցում  հանդիպել է Ալեքսան Մ․-ին, որի ժամանակ Վազգեն Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել և այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, չնչին առիթն օգտագործել է և իր կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակոցներ արձակելու միջոցով 15-20 րոպե տևողությամբ խուլիգանական դրդումներով խախտել է հասարակական կարգը:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վազգեն Ք․-ին և վերջինիս կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ » տեսակի ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր