211652_close_icon
views-count1006 դիտում article-date 17:17 12-04-2024

Ֆրանսիայի դեսպանը երկրի ԱԳ նախարարի հայտարարության պատճառով կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ֆրանսիայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Փարիզը շահագրգռված չէ խոսել ռուս պաշտոնյաների հետ, քանի որ ռուսական կողմի հրապարակած հայտարարությունները կեղծ տեղեկություններ են պարունակում։
ՌԴ ԱԳՆ-ում Ֆրանսիայի դեսպանին ասել են, որ նման հայտարարություններն անթույլատրելի են։ Մոսկվան դրանք դիտարկում է որպես երկխոսության հնարավորությունը խաթարելուն ուղղված գործողություն։

Հիշեցնենք, որ օրերս Սեժուրնեն ասել էր, որ Փարիզի շահերից այլևս չի բխում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացնելը, քանի որ Մոսկվան խեղաթյուրում է նման երկխոսության բովանդակությունը։ Այս մասին նա հայտարարել էր France24-ին և RFI-ին տված համատեղ հարցազրույցում։

«Այժմ մեր շահերից չի բխում ռուս պաշտոնյաների հետ քննարկումը, քանի որ հրապարակվող կոմյունիկենները և հաղորդագրությունները սուտ են», - ասել էր Սեժուրնեն։

Նա ենթադրել էր, որ Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու համար «գուցե նախ պետք է վստահություն հաստատել, և գուցե առաջին հերթին տեսնել զարգացումներ Ուկրաինայի ռազմաճակատում, որպեսզի հարաբերությունները վերականգնվեն»։

Մեկնաբանելով պաշտպանության նախարարության մակարդակով ռուս և ֆրանսիացի պաշտոնյաների վերջին պաշտոնական շփումը, Սեժուրնեն ասել էր, որ «ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության երկարամյա ավանդույթն այժմ փակուղում է»:

«Իրականում համագործակցությունը չի շարունակվում, քանի որ դա առաջարկ էր, իսկ ռուսերեն կոմյունիկեն մեզ փաստացի կոչ է անում չհամագործակցել»,- եզրափակել էր նա։

Նմանատիպ նյութեր