211652_close_icon
views-count1537 դիտում article-date 14:42 30-06-2023

Մակրոնի հայտարարությունների պատճառով Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է երկրի ԱԳՆ: Դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ նախագահ Էմանուել Մակրոնի և Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման և այդ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի որոշ տեսակետների վերաբերյալ մամուլում հայտնված հայտարարությունների վերաբերյալ։

Դեսպանին ասվել է, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի Մակրոնի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Մակրոնի հայտարարություններին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են «միակողմանի աջակցություն» Հայաստանին, «անընդունելի են»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը, որում Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»։

«Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»,- ասել էր Մակրոնը: Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն տարածել։ 

Հավելենք, որ Մակրոնը հայ համայնքի հետ հանդիպմանը նաև ասել էր. «Չկասկածեք իմ վճռականության մեջ՝ կապված Արցախի և ընդհանրապես Հայաստանի հետ, ես կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակը լինեմ այս օրակարգով։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան իր ռազմական կցորդին առաջին անգամ ուղարկել է Հայաստանում իր դեսպանատուն, որը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞։ Մենք պետք է անենք հնարավորը, առավելագույնը»:

Նմանատիպ նյութեր