211652_close_icon
views-count15941 դիտում article-date 15:42 29-03-2024

Թբիլիսյան խճուղու բազմաբնակարան շենքի նկուղներում Արաբկիրի թաղապետարանը հիմնովին փոխել է կոյուղատարերը, հերթը «Վեոլիա ջրինն» է, որպեսզի շենքը փրկվի փլուզվելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին տարիներին մայրաքաղաքում աշխատան քներ են իրականացվել ու շարունակում են իրականացվել բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերում դեռ սովետական տարիներից իրենց դարն ապրած, փտած կոյուղատարերը փոխելու ուղղությամբ, ակնհայտ է:

Վերջին ամիսներին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հանձնարարականով մեծ թափով աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ, որում ներգրավված են նաև համատիրությունները:

Ա. Ազատյանի կարգադրությամբ աշխատանքերը սկսվել են ոչ միայն Արաբկիրի բուն կենտրոնական հատվածներում, այլև վարչական շրջանի ծայրամասերում գտնվող բնակելի շենքերում, ինչը բնակիչների մոտ հավատ է առաջացրել, որ թաղապետարանը տարբերություն չի տեսնում, թե որտեղ է գտնվում շենքը, ու ողջունում են, որ այդ աշխատանքները սկսվել են հենց ծայրամասերից:

Ամիսներ առաջ Արաբկիրի թաղապետարանի ու համատիրության աշխատակիցները հիմնովին փոխեցին Թբիլիսյան խճուղի 35/2 բազմաբնակարանային 9 հարկանի շենքի նկուղներով անցնող կոյուղատարերը, որոնք դեռ չէին փոխվել ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչի պատճառով էլ կեղտաջրերը հաճախակի թափվում ու ողողում էին նկուղները, ինչը ոչ միայն հակասանիտարական վիճակ էր ստեղծում, այլև խարխլում էր շենքի հիմքերը:

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ա. Ազատյանը նրանց տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրին տեղեկացել է և հանձնարարականներ է տվել, որպեսզի հրատապ ծրագրով կարճ ժամանակում փտած կոյուղատարերը փոխարինեն նորով ու մարդիկ իրոք կանգնեցին բնակչի թիկունքին, օրերի ընթացքում խնդիրը կարգավորվեց:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին, իրենց համատիրության նախագահին, որ վեջապես լուծվեց այդ խնդիրը, սակայն շենքից դուրս եկող կեղտաջրերը դիտահորերի լցվելու պատճառով առաջացնում են խցանումներ ողջ բակում, այդ թվում՝ խաղահրապարակում տիրում է գարշահոտություն:

Այսօր՝ մարտի 29-ին, բնակիչները հերթական անգամ խնդրի վերաբերյալ ահազանգել էին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որտեղից օպերատիվորեն ժամանել էին թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, իսկ թաղապետի խնդրանքով ժամանել էին նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները:

Վերջիններս հատուկ տեխնիկայով մաքրեցին լցված դիտահորերը, ինչը խնդիրը գոնե ժամանակավորապես կարգավորեց, բայց որպեսզի նման դեպք այլևս տեղի չունենա, «Վեոլիա ջուրը» պետք է հիմնովին փոխի արդեն դրսով անցնող, իրենց դարն ապրած, փտած կոյուղատարերը:

Ու եթե դա «Վեոլիա ջուրը» անի, այլևս գոնե այդ մասով խնդիր չի առաջանա:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր