211652_close_icon
views-count13531 դիտում article-date 22:54 09-03-2024

«Ձեզ բացակա չե՛նք դնի»․ Երևանի Մեծարենցի փողոցում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Նարեկ Օհանյանի և Վաչե Մուրադյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող․ ներկա էր գործարար Սամվել Ալեքսանյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցում մարտի 5-ին բացված Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Նարեկ Օհանյանի և Վաչե Մուրադյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուրին քաղաքացիների հոսքը չի դադարում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացումը տեղի էր ունեցել մարտի 5-ին և այդ օրը նահատակված հերոս Ն․ Օհանյանի ծննդյան օրն էր։ Այդ օրը ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, հերոսածին մայրեր, արցախյան մի քանի պատերազմների մասնակիցներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։

Խաչքարի բացման պատիվը ընձեռնվել էր հերոսների հարազատներին, որից հետո հոգևոր հովվի կողմից օծվեց այն ու ներկաները ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին։

Նարեկ Արմենի Օհանյան

Նարեկ Արմենի Օհանյանը ծնվել է 2002 թվականի  մարտի 5-ին՝  մայրաքաղաք Երևանում: Նա տան կրտսեր զավակն էր, ուներ իրենից մեծ քույր և եղբայր:

Սովորել է Երևան քաղաքի թիվ 89 միջնակարգ դպրոցում: Իր տեսակով բարի, ազնիվ, հավասարակշռված ու հավատարիմ անհատականություն էր: 

Նարեկը Հայոց Բանակ զորակոչվել է 2020թ.-ի հուլիսի 2-ին: Ժամկետային ծառայության է անցել Ցորի լեգենդար գնդում՝ որպես հրետանավոր:

 Սեպտեմբերի 27-ից մասնակցել է Արցախյան գոյամարտին: Պատերազմի օրերին, լավ տիրապետելով իր մասնագիտական գիտելիքներին և զենքի կիրառությանը, դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու բազմաթիվ դիրքեր՝ հակառակորդին պատճառելով տասնյակից ավելի կորուստներ: 

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին իր մարտական ուղին Նարեկն անցել է առաջնագծի ամենաթեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Արալեռ (Ջուվառլու): 

Տասնհինգ օր շարունակ, մարտական ընկերների հետ միասին մարտնչելուց հետո, հոկտեմբերի 12-ին Նարեկը հերոսաբար ընկավ Հադրութի պաշտպանական դիրքերում: 

1 տարի երկու ամիս անց միայն ՝ 2021թ. նոյեմբերի 2-ին, Նարեկի, ինչպես և իր մյուս 10 ընկերների աճյունները, ադրբեջանցիները փոխանցեցին հայկական կողմին:

Նարեկ Արմենի Օհանյանի և իր ընկերների հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021թ. դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Մայր եկեղեցում՝ զինվորական արարողակարգով, վեհափառի աղոթքների ներքո:

Նարեկ Օհանյանին հողին հանձնեցին դեկտեմբերի 3-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի Ցոր հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկը՝ զինծառայող՝ շարքային Նարեկ Արմենի Օհանյանը, Արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Նարեկի անունով 2022 թ․ հոկտեմբերի 14-ին հուշարձան է բացվել  իր սովորած դպրոցում  և տան բակում՝ հուշաքար-հուշաղբյուր


Վաչե Մուրադյան

1999 թվականի օգոստոսի 11-ին, Երևանում Մուրադյանների ընտանիքում ծնվեց ընտանիքի ավագ որդին՝ Վաչեն: Նա ծնվել է արևի խավարման օրը: Այդ օրվա ծնվածները խելացի ու բանիմաց են լինում: Իսկ Վաչեն հենց այդպիսինն էր՝ մանկությունից մինչև պատանեկություն: Խելացի էր Վաչեն, համեստ, մաքրասեր ու կոկիկ: Նա իր ամեն արած քայլի շուրջ երկար էր մտածում: Վաչեն ունի իրենից փոքր եղբայր ու նա հոգատար էր ընտանիքի անդամների հանդեպ:

Սովորել է Վահան Զատիկյանի անվան 90 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է 112 ավագ դպրոցում:

Սովորում էր Մաշտոցի անվան համալսարանում՝ հաշվապահական հաշվառման ֆակուլտետում: Չէր շտապում մասնագիտության ընտրության հարցում, որովհետև ուզում էր հանգիստ մտածել, նոր ընտրություն կատարել։

Այդպիսին էր նա՝ բոլոր հարցերում և միայն հայրենիքի պաշտպանությունն էր, որին ընդառաջ նա գնաց առանց մեկ վայրկյան ավել մտածելու։ Նա սիրում էր ամեն ինչից տեղեկացված լինել: 2-րդ կուրսի ուսանող էր, երբ եկավ բանակ զորակոչվելու ժամանակը: 2018 թվականի հունվարին զորակոչվեց բանակ և ծառայեց Ջաբրաիլում։ Սերժանտ էր և ծառայությունը պատվով էր կատարում: Այդպես անցան 2 տարիները և Վաչեն անփորձանք զորացրվեց, երջանկությամբ մայրը գրկեց որդուն, մտածելով, որ որդին կյանքի այս փուլն էլ անվնաս հաղթահարեց: Ուսումը գնացել էր շարունակելու և զորացրվելուց ընդամենը ամիսներ անց սկսվեց պատերազմը։ Վաչեն տեսնում էր ընկերներին վիրավորված, հիվանդանոցներում ու շատ էր սրտնեղում,տեղը չէր գտնում: Քունը կորցրած անգամ հաց չէր ուտում և նա հստակ որոշել էր, որ պետք է գնա, ասելով. «Սա իմ կռիվն է, ես պիտի գնամ»:

Հոկտեմբերի 4-ին նա արդեն ճանապարհ ընկավ, հասնելու իր ընկերներին ու հայրենիքին օգնության: Նա արդեն ծանոթ էր Արցախի ամեն քար ու թփին, գիտեր ծառերի տեղը ու ընկերների համար նուռ ու սերկեվիլ էր քաղում:

Սիրտը հանգիստ էր, որ ինքն արդեն առաջնագծում էր: Հոկտեմբերի 7-ին նա վերջին անգամ խոսեց ընտանիքի հետ, երբեք չիմանալով, որ վերջինն է ու վերջին անգամ ասաց.«Ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք»։

Հոկտեմբերի 8-ին չար լուրը հասավ ընտանիքին, կամավոր որդին առաջնագծում հերոսացել էր: Հիմա Վաչեն Եռաբլուրից հսկում է մեր Երևանյան խաղաղ գիշերները ու նա հավերժ մնացել է պատերազմում: Իր գործով,տեսքով ու արարքով անթերի Վաչեն: 


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 624+
624+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր