211652_close_icon
views-count36207 դիտում article-date 11:20 11-01-2024

Վրաերթ-ավտովթար՝ Սարի թաղում. «ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները. վրաերթի ենթարկվածը ազգությամբ հնդիկ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Սարի թաղի 3-րդ փողոցում՝ թիվ 22 տան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բնակչի ցանկապատին ու կողաշրջվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածին ու վարորդին առաջինը օգնության են հասել թիվ 22 տան բնակիչները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել թիվ 3-րդ ՀՓՋ-ի փրկարարներն ու քաղաքացիները, ապա պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ Գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատարի փոխարինող՝ ավագ պարեկ Ռաֆիկ Պետրոսյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Դավիթ Ղևոնդյանն ու կրտսեր պարեկ Վահագն Հախվերդյանը: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ՝ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդի ու վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը ազգությամբ հնդիկ է: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր