211652_close_icon
views-count33375 դիտում article-date 20:38 23-10-2023

Սպանության մեղադրանքով կալանավորված 33-ամյա կինը, ով բժշկական կենտրոնից դիմել էր փախուստի, կարճ ժամանակում բռնվեց. նրան հայտնաբերել են «Ասեղ չես, որ խոտի դեզում կորես» օպերացիայի շրջանակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 22-ին, ՀՀ Առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից փախուստի դիմած կալանավորը նախկինում դատապարտված է եղել ՀՀ նախկին Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով:

Այդ օրը նշված կենտրոնի մաշկաբանական բաժանմունքի թիվ 12 հիվանդասենյակից կալանավորված 33-ամյա Մարիետա Խ.-ն կարողացել է անարգել շենքից դուրս գալ: Գիշերը ժամը 05:40-ի սահմաններում նկատել են, որ կալանավորվածը օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող ծառայողների անուշադրությունից, ժամը 01:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում շենքից փախել է:

Մարիետա Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են կատարել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի և Մաշտոցի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության ծառայողները և ժամեր անց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ և քրեակատարողական ծառայության օպերատիվ խումբը նրան հայտնաբերել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի դաշտամիջյան տարածքում գտնվող խոտի դեզերով փակված թաքստոցից: 

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով նրան հայտնաբերելու համար օպերացիան կրել է՝ «Ասեղ չես, որ խոտի դեզում կորես» անունը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված բժշկական կենտրոնից առաջին դեպքը չէ, որ կալանավորված անձինք դիմում են փախուստի, սակայն ամեն անգամ օպերատիվ ծառայությունները կարճ ժամանակում նրանց հայտնաբերում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր