211652_close_icon
views-count60919 դիտում article-date 22:42 19-08-2023

Ողբերգական դեպք Երևանում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով մահացել է

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Արամ Դ.-ն է:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վ. Խաչատուրյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ, պարզել են, որ Արամ Դ.-ն հիվանդանոց է տեղափոխվել Քոչարյան փողոցի 3 հասցեում գտնվող «Լևոն Ղուկասյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման պահեստից, որտեղ աշխատանքներ կատարելու ժամանակ հեղուկների համար նախատեսված դարակաշարը կոտրվել է, հեղուկների տարաներն էլ ընկել են նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: 

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հերթական ահազանգն է ստացվում, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր