211652_close_icon
views-count925 դիտում article-date 09:55 11-06-2023

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցել են 20 երկրներ

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն աջակցել են Հյուսիսատլանտյան դաշինքի 20 երկրներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ «Այսօրվա դրությամբ արդեն կա 20 անդամ երկրների կողմից դաշինքին Ուկրաինայի անդամակցության աջակցության պաշտոնականացում»,- գրել է նա շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, Ֆեյսբուքի իր էջում։

Որպեսզի Ուկրաինան անդամակցի կազմակերպությանը, անհրաժեշտ է նրա բոլոր անդամների, այսինքն՝ 31 երկրների աջակցությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն շաբաթ օրը ավելի վաղ ասել էր, որ դաշնակիցները կոնսենսուս չունեն Ուկրաինայի անդամակցության հարցում: «Այս պահին մենք ՆԱՏՕ-ի ներսում կոնսենսուս չենք տեսնում: Կարծում եմ, որ նախագահ Զելենսկին նույնպես հասկանում է, որ այն պահին, երբ նման մեծ և բարդ պատերազմ է ընթանում, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեման պետք է հետաձգվի»,- ասել է նա ռումինական dcnews.ro գործակալությանը տված հարցազրույցում։

Այնուամենայնիվ, ընդգծել է Ջոանեն, Ուկրաինան այժմ ավելի մոտ է դաշինքին և արևմտյան ժողովրդավարություններին «քան երբևէ»: Նրա խոսքով, Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սպասվում է «վերջին 50 տարվա ընթացքում ռազմական դոկտրինի ամենակարեւոր փոխակերպումը», ինչպես նաեւ «ուժեղ ուղերձ Ուկրաինային»։ Մասնավորապես, նախատեսվում է ուժեղացնել Կիևի փոխգործակցությունը դաշինքի հետ՝ «ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի» համագործակցության կարգավիճակը կբարձրացվի մինչև «ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ»։

Մայիսի կեսերին The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ի դիվանագետներն ու պաշտոնյաները աշխատում են լուծման վրա, որը կնշանակեր, որ Ուկրաինան կարող է ապագայում միանալ դաշինքին, սակայն հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մասնակիցները մտադիր են առաջարկել Ուկրաինային անհապաղ օգնություն, այլ ոչ թե անդամակցություն հենց հիմա:

Նմանատիպ նյութեր