211652_close_icon

Էջմիածնում 22-ամյա տղային «բորենու» հոգեբանությամբ կյանքից զրկած, քրեական պատմություններով հայտնի կասկածյալները արդյո՞ք պաշտպանված են քննիչի կողմից. մահացածի մայրը դիմում է Նիկոլ Փաշինյանին՝ «Դուք կարող եք կանխել վրեժխնդրությունը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6040 դիտում article-date 12:30 20-08-2025
Այս տարվա ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքը հերթական անգամ ցնցվեց երիտասարդ տղային, ինչպես էջմիածինցիներն են նշում, «բորենու» հոգեբանությամբ, առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու դեպքից: 

Այդ օրը էջմիածին քաղաքի սրտում, վստահ լինելով իրենց անպատժելիության վրա, առանձնակի դաժանությաբ ծեծի են ենթարկում երիտասարդին, ինչի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվում Էջմիածնում երբևէ քրեական պատմություններով աչքի չընկած 22-այա Պարգև Հակոբյանը, ով մոտ 10 օր, գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով մահանում է:
 
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ, սակայն սպանվածի հարազատները, տեսնելով, որ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչի կողմից ցուցաբերվում է մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, աղմուկ են բարձրացնում, ինչից հետո քրեական վարույթը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե: 

Սպանվածի հարազատները ամենամեծ հույսներն էին փայփայում, որ քննչական կոմիտեում քննությունը կկատարվի օբյեկտիվ ու կատարված հանցագործությունը կորակավորվի՝ ըստ կատարած հանցանքի, որը, ըստ ծնողների, կանխամտածված սպանություն է, քանի որ ծնողները վստահ են, որ այդ եռյակ «ոհմակը» նախապես եկել է, որպեսզի իրենց տղային մահվան դուռը հասցնի, սակայն արդեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչից էլ հույս չունեն, որ քննությունը տարվում է օբյեկտիվ, ծնողները նույնիսկ լուրջ թերություններ են նկատել վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչի համար էլ դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրենց հսկողության տակ վերցնեն, որ Քննչական կոմիտեի քննիչը կատարի օբյեկիվ, բազմակողմանի քննություն ու չփորձի հանցանքը վերավորակել ավելի թեթև, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկաններն էլ «ուղտի ականջում չքնեն» ու հայտնաբերեն կասկածյալներից հետախուզման մեջ գտնվողին, ում մասին ամբողջ Վաղարշապատը խոսում է, որ նա գիշերային ժամերին, առանց վախենալու կամ էլ վստահ լինելով, որ ինքն ու իր ընտանիքը պրոբլեմներ չունեն, այցելում է հարազատներին, այն դեպքում, երբ Վաղարշապատի ոստիկանությունն ու կասկածյալների տունը մի 2 կմ հեռավորության վրա են: 

Երեկ՝ օգոստոսի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում սպանված տղայի մայրն ասում էր. 

«Շատ բաներ կան ասելու, պարզապես Վաղարշապատի քննչականից մեր ընտանիքը հիասթափված է, քանի որ քննությունը կատարում են մակերեսորեն: Հավատացինք ՀՀ քննչական կոմիտեին, ու մեր բարձրացրած աղմուկից հետո գործը փոխանցվեց այդ կառույց, սակայն հիմա էլ ավելի ենք հիասթափված ու զարմանում ենք, թե ինչու է Քննչական կոմիտեի քննիչը ցուցաբերում շտապողականություն ու մեզ ստիպում է, թե եկեք գործի նյութերին ծանոթացեք, ես էլ ժամանակ չունեմ, պիտի ուղարկեմ դատախազին, հաստատի, բայց որ գործը 180 աստիճան Քննչական կոմիտեի քննիչի կողմից տակնուվրա է արվել, ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, դա ակնհայտ է: 

Հիմա ստիպված որպես մայր դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով. 
 
Դուք միշտ նշել եք, որ Հայաստանում հակաօրինական գործողություններ կատարողներ չպետք է լինեն, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, որ արդարությունը ինչքան էլ հիվանդանա, չի մահանա, բայց հիմա ՀՀ քննչական կոմիտեի քննիչի պատճառով ինձ՝ որպես որդեկորույս մայր դրդում են դիմել վրեժխնդրության:
 
Թե՛ ես, թե՛ մեր ընտանիքը միշտ առաջնորդվել ենք Աստվածաշնչյան պատվիրաններով, այդ թվում՝ մի սպանիր, բայց Քննչական կոմիտեի քննիչն իր փնթի աշխատանքի արդյուքում ինձ դրդում է հանցագործ դառնալ: 
 
Եթե արդարությունը չհաղթանակի, ես ստիպված դիմելու եմ վրեժխնդրության ու այդ ժամանակ չասեք, թե արդարությունը հիվանդանում ու չի մահանում:
 
Մեր ընտանիքը վստահ է, որ, որպես վարչապետ, Ձեր մի հանձնարարականը, որ Քննչական կոմիտեն կատարի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, բավական է, որ մեղավորները իրական պատիժ ստանան»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր