211652_close_icon

Դատարանը կալանավորել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղային, ով կասկածվում է Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով «ռազբորկայի» մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8359 դիտում article-date 00:00 21-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 18-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանը և երկու քննիչներ միջնորդություն են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նստավայրը Եղվարդ քաղաք, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի օգոստոսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն և սպանություն կատարողներից 3-ի նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ապա դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ Արդադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, ում հայրը կոչումով գենարալ և ՀՀ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։ 

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ օգոստոսի 15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն:
 
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:
 
Մահացածը երբևէ քրեական պատմությունների մեջ չէր եղել, նա հարգանք էր վայելել ոչ միայն գյուղում, այլև շրջապատում ու շատերի համար զարմանք ու զայրույթ էր եղել, թե ով էր կրակոց արձակել իր ընտանիքի հետ արդար քրտինքով հաց վաստակող  Մամիկոն Դ.-ի վրա: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց էին մեկնել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել էին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրից՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի տան դիմաց գտնվող կամրջի մոտից, որտեղ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության  գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության պետի տեղակալ Հարություն Դանիելյանը և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Մամիկոն Հակոբյանը։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էին ժամանել Կոտայքի մարզի դատախազության դատախազ Էդուարդ Անդրեասյանը և դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանը։ 

Դեպքի վայր էին ժամանել նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր