211652_close_icon
views-count172601 դիտում article-date 17:54 14-04-2023

Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում․ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են հայտնի գործարարի եղբոր Mercedes 222-ն ու Niva-ն. վերջինը գլխիվայր շրջվել է․ Mercedes-ը վերածվել է մոխրակույտի․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են Mercedes 222 մակնիշի և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Niva-ն էլ գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մի քանի հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու համար տեսուչներ Արսեն Մարտիրոսյանը, Նշան Հակոբյանն ու Սահակ Թադևոսյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, ինչը ճանապարհային ոստիկաններին հաջողվել է։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Niva-ի վարորդն է, իսկ Mercedes-ը պատկանում է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատերերից Աշոտ Արսենյանի եղբոր որդուն՝ Անդրանիկ Արսենյանին և, ըստ տեղեկությունների, ավտոմեքենայի մեջ եղել են ինքն ու իր ազգականը։ Վերջիններս էլ «Արարատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվում են Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 275+
275+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր