211652_close_icon
views-count32595 դիտում article-date 15:59 29-03-2023

Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes E550-ը և Hyundai Sonata-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կոմիտաս պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes E550 և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել Hyundai ավտոմեքենայի գազաբալոնի փականը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել ու հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկ Մելիք Մելոյանն ու կրտսեր պարեկ Նորայր Աղամիրյանը։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Վ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր