211652_close_icon
views-count1675 դիտում article-date 11:35 18-08-2026

Խոշոր ավտովթար՝ Երևանում. ժողովրդին հայտնի 4-րդ Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ 3 վիրավորներից մեկին մեքենայից դուրս են բերել փրկարարները․ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Գայի պողոտա, Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Renault», «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նախ 2, հետո ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները:

Փրկարարները «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և 2 տուժածի հետ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները տուժածներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ը եղել է կայանված և բախումը տեղի է ունեցել «Renault» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր