211652_close_icon
views-count51931 դիտում article-date 10:52 23-03-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԱԾ-ի և Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ բախվել են BMW X6-ը, BMW 525-ը և Acura-ն․ BMW-ներից մեկը տապալել է «ծառասեր Սասունի» ծառը, մեկն էլ հայտնվել է ԱԱԾ-ի մուտքի մոտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։03-ի սահմաններում Նալբանդյան - Խանջյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Վան Եփրեմյանի վարած BMW X 6 մակնիշի 01 BW 001 համարանիշի, 58-ամյա Արամ Քոչարյանի վարած Acura մակնիշի 51 JJ 511 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արգամ Հարությունյանի վարած BMW 525 մակնիշի 01 VV 060 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Բախման հետևանքով BMW X6-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի առջև գտնվող հաստաբուն ծառը, տապալել այն։ Իսկ BMW 525-ն էլ հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության մուտքի մոտ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են  իրականացրել նույն վաշտի պարեկ Գևորգ Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Սաֆարյանը։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող ավագ սերնդի մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ «Էս խաչմերուկին հաճախակի են ավտովթարներ լինում։ Պատճառը, հավանաբար, իրար չզիջելն է։ Լավ է՝ այս անգամ մարդկային կորուստ չեղավ։ Ափսոս էր ծառը, որը տնկել էր մեր բակում շատ հայտնի ընկեր Սասունը, ում ավելի շատ ասում էին՝ «ծառասեր Սասուն»։ Հիմա երևի էդ տապալված ծառի տեղը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հանձնարարականով մի նոր ծառ կտնկեն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր