211652_close_icon
views-count71649 դիտում article-date 11:40 23-03-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «BMW»-ներն ու «Mercedes»-ը․ «BMW»-ներից մեկն էլ կողաշրջված հայտնվել է «CPS» բենզալցակայանի տարածքում․ մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան- Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հակոբ Մ․-ի վարած «BMW» մակնիշի, 38-ամյա Լևոն Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 48-ամյա Տիգրան Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Հակոբ Մ․-ն կորցնելով ավտոմեքենայի կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել երկաթբետոնե սյանը, ապա առաջ ընթացել կոտրել «CPS»  բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և լցակայանի կետին։

Վթարի հետևանքով Հակոբ Մ․-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 32-ամյա Ս․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 12-ամյա Մ․ Մ․-ն, 7-ամյա Ա․ Մ․-ն և 9-ամյա Ա․ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին  առաջինը օգնության են հասել «CPS» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր մինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատի և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ժամանումը վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա հրշեջ փրկարարները հոսանքազրկել են կողաշրջված «BMW»-ն, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Գևորգյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Ալավերդյանը, Սևադա Բաբայանը և Խորեն Գեղամյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարից հետո մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ կայանել էին իրենց ավտոմեքենաները և տեղում ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց։

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական  վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում պարեկներն ու քննիչները տեղեկություններ են ստացել, որ «BMW»-ի վարորդ Հակոբ Մ․-ի համար «Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ ու Հակոբ Մ․-ն փորձելով խույս տալ «Mercedes»-ի հետ բախումից այնուամենայնիվ բախվել է, ինչն էլ դարձել է ավտոմեքենան  կառավարել չկարողանալու պատճառ և տեղի է ունեցել վթարը։ Այդ տեղեկությունը պարզվում է։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, իսկ վիրավորները «BMW»-ի վարորդի կինն ու երեխաներն են։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր