211652_close_icon
views-count36461 դիտում article-date 20:39 22-12-2022

Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, մեր «Հրեշտակապետ» Գաբրիել Ավետիսյան. տեղի ունեցավ հերոսին նվիրված «Հրեշտակապետը» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 20-ին Սպիտակ քաղաքի Սպիտակի մշակույթի տան դահլիճում էին հավաքվել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, «Հրեշտակապետ» անունը ստացած Գաբրիել Ավետիսյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, Սպիտակ քաղաքի հասարակությունը, հյուրեր՝ ոչ միայն Լոռու մարզից ու Երևանից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից, Արցախ աշխարհից։ 

Մշակույթի տան դահլիճում նշվեց հերոսի ծննդյան 22-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ և «Հրեշտակապետը» գրքի շնոհրհանդեսը։ Գրքի հեղինակը Գաբրիելի քույրն է՝ Մելսիդա Ավետիսյանը։ 

Լեփ-լեցուն դահլիճն ունկնդրեց հերոսի մասին իր քույրիկի գրած հուշապատումներից՝ հատվածներ, կենդանի կատարմամբ հնչեցին երգեր, հանդիսատեսը կինոժապավենի տեսքով ծանոթացավ հերոսի երկրային կյանքին,  լսեց նրա ուսուցիչների խոսքը։  

Մանրամասները՝ տեսանյութում

***
Գաբրիել Կարենի Ավետիսյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

2007-2016 թթ. սովորել է Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, ապա մինչև 2019թ. սովորել է Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջն. դպրոցում։ Դպրոցական 12 տարիների ընթացքում գերազանց սովորել է, մասնակցել տարբեր ինտելեկտուալ մրցույթների ու միշտ գրավել պատվավոր առաջին հորիզոնականը։ Եղել է ոսկե մեդալակիր։ Մասնակցել է մարզում կազմակերպված «Հայ Ասպետ» ինտելեկտուալ մրցույթին և թիմի կազմով գրավել են առաջին հորիզոնականը, իսկ ինքը, լինելով նաև թիմի ավագը, Ավագների խաղում ցուցաբերել է իր բացառիկ գիտելիքներն ու հաղթել նաև այդ խաղում:

2016 թվականին կազմակերպվել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցել է ուսանող ընկերների հետ, քանի որ ինքը դեռ դպրոցական էր, իսկ դպրոցական խումբ չկար։ Անգամ իրենից տարիքով մեծերի կողքին առանձնացել է իր գիտելիքներով` տալով ճիշտ ու դիպուկ պատասխաններ։ Հաղթանակ են տարել նաև այդ խաղում։

2019թ հուլիսի 10-ին հերոս Գաբրիելը զորակոչվել է բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում, որտեղ վայելել է հրամանատարների սերն ու հարգանքը։ 6 ամիս ծառայելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվել է Արցախի Հանրապետության Մարտունի 2 զորամաս։ Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններին, ստացել պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ լավագույն ծառայության համար։ Ծառայության ողջ ընթացքում վայելել է թե՛ զինվորների, թե՛ հրամանատարների սերն ու հարգանքը։

2020 թվականի սեպտեմբերի 21-ին մասնակցել է Արցախում կազմակերպված հանրապետական մրցույթին և հանրապետության մասշտաբով զբաղեցրել 2-րդ հորիզոնականը` իր զենքին գերազանց տիրապետելու համար։

Գաբրիելը պատերազմի առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Կռվել է Աղդամում, Մարտունիում, իսկ հոկտեմբերի 19-ից՝ Ֆիզուլիում։ Պատերազմի ընթացքում խոցել է մեծ թվով թշնամական տանկեր ու զրահատեխնիկա։

Ցավոք, հոկտեմբերի 26-ին, հաղթանակի տենչը սրտում, անմահացել է Ֆիզուլիում` մինչև վերջ չլքելով դիրքն ու զինակից ընկերոջը, որի համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ հայրենիքին մատուցած ծառայության համար ՀՀ Առաջին գնդի կողմից պարգևատրվել է մեդալով և պատվոգրով։

Զինակից ընկերները խորը ցավով են հիշում Գաբրիելին, պատմում դրվագներ՝ ծառայողական կյանքից, հպարտանում, որ ունեցել են Գաբրիելի պես ընկեր, ով բոլորին շրջապատել է հոգատարությամբ, կարեկցանքով, ու շատ բան են հասցրել սովորել իրենից այդ կարճ ժամանակահատվածում։


Հավերժ փա՛ռք Քեզ, հերոս

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 382+
382+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր