211652_close_icon
views-count59975 դիտում article-date 15:24 12-12-2021

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած առինջեցի Վահե Ադյան. Առինջում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսին նվիրված հուշ-երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Կոտայքի մարզի Առինջ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած առինջեցի Վահե Ադյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո:

Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ մանկության և զինակից, նրա համագյուղացիները, Երևանից ու մարզերից այցելած հերոսածին մայրեր, որոնց  որդիները Արցախյան  44-օրյա պատերազմում նույնպես նահատակվել են, դառնալով կենդանի լեգենդ:

Ներկա էին նաև  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, սիրված դերասան Աբել Աբելյանը,  ում սանն է, ի դեպ, եղել հերոսը, Առինջ համայնքի, մարզպետարանի ղեկավար կազմը, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, դասընկերները:

Կենդանի կատարմամբ  հանդես եկան մի քանի երգիչ-երգչուհիներ, ցուցադրվեցին նաև պարային համարներ:

Երբ բեմից հնչում էր 18-ամյա լեգենդ դարձած Վահեի անունը, դահլիճը  ծափողջույններով էր արձագանքում:

Վահեի մայրը իր շնորհակալանքի խոսքն ուղղեց հերոսածին մայրերին,  առինջեցիներին, իսկ դահլիճում ներկա գտնվողները ասում էին. «Քեզ բացակա չենք դնի: Դու բարձր ես պահել ոչ միայն առինջեցու,  այլև հայի պատիվը: Դու, քո նման բազմաթիվ լեգենդ դարձած հերոսներ Հայաստանին ու Արցախին զոհաբերել եք Աստծո կողմից պարգևած ամենաթանկ բանը՝ ձեր կյանքը:

Քո ու քո նան տղերքի նահատակվելով, Եռաբլուր զինվորական պանթեոնը ու երկինքը հարստացան:

Բայց ձեր երկրային բացակայությունը մենք երբեք չենք զգա, քանի որ ինչպես դու էիր սիրում ասել՝ Այն, ինչ հիշվում է, երբեք չի կարող անցյալ համարվել ու Վահեի նման բոլոր լեգենդ դարձած հերոսները միշտ հիշվելու են»:

Վահե Ադյանը ծնվել է 11.12.2001 թ․-ին։ Սովորել է Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցում,  զուգահեռ հաճախելով թատերական դասընթացների։

Աշխույժ, կենսախինդ ու ժպտերես Վահեն մանկուց էլ բոլորին ուրախություն ու ժպիտ պարգևող էր։ Իր հրապուրիչ արտաքինով, դերասանական հմտություններով ու ճարպկությամբ միշտ ուշադրության կենտրոնում էր հայտնվում։ Նա միշտ կյանքով լեցուն էր. կյանքը սիրում էր այնպես, ինչպես կյանքն էր իրեն սիրում։

18 տարվա այդքան կարճ ժամանակում այնքան լի ու հագեցած կյանք էր ապրել՝ վայելելով ամեն պահն ու վայրկյանը։ Նա ծնվել էր արտիստ դառնալու համար, ասում էր . «Բեմն ինձ է սպասում»:

Ընտանիքի երկրորդ զավակն էր՝ կրտսերը։ Ավագ եղբայրըն Ապրիլյան պատերազմի մասնակից է։ Դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ Վահեի վրա։ Նա ամբողջությամբ ներգրավվել էր բանակի, պատերազմի, հայրենիքի ու հայրենասիրության թեմաների մեջ։ Այդ գաղափարներն իր հետ ամենուր էին՝ դպրոցում, բեմում, ներկայացումներում։

Դեռևս զինվոր չդարձած՝ զինվորի համազգեստը հոգեհարազատ էր դարձրել իրեն՝ կերտելով բազմաթիվ զինվորական կերպարներ, երգելով զինվորական երգեր։ Նույնիսկ բանաստեղծություններ էր գրում հայրենիքին նվիրված՝ «Այն ինչ հիշվում է, երբեք չի կարող անցյալ համարվել»: Սիրում ու սպասում էր զինվոր դառնալուն ու դարձավ․․․․․հավերժ զինվոր դարձավ․․․․․․

2020թ․ հունվարին զորակոչվում է բանակ՝ Ջաբրայիլի շրջան։ Ծառայության մեկ տարին չլրացած, սկսվում է 44-օրյա պատերազմը։ Վախի ու կյանքի մասին մոռացած ավելի քան մեկ ամիս պայքարում է հայրենիքի համար՝ գործելով բազմաթիվ սխրանքներ։

Պատերազմի մեծ մասը հաղթահարել էր, թվում էր, թե ուր որ է կավարտվի, վաղը, մյուս օրը, շուտով․․․․կզանգեմ մորս, կասեմ. «Վերջ մամ, տղեդ հետա գալու»․․․․․Բայց ցավոք պատերազմի մոտալուտ ավարտին՝ հոկտեմբերի 30-ին, Մարտունի 2-ի Սոս գյուղում հայրենիքի համար մղած պայքարում Վահեն և իր զինակից ընկերները հերոսաբար զոհվում են՝ իրենց ունեցած ամենաթանկը՝ ԿՅԱՆՔԸ, նվիրելով բոլորին․․․․․

Վահե Ադյանն իր ունեցած մարտական բարձր ոգու, կատարած սխրագործությունների ու անձնուրաց պայքարի համար հետամահու պարգևատրվում է «Արիության մեդալով»:


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 398+
398+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր