211652_close_icon
views-count44647 դիտում article-date 15:38 07-05-2022

Քեզ բացակա չենք դնի. տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արշակ Սահակյանի հիշատակին նվիրված «Ծով աչքերով Արշակը» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես տեղեկանում ենք Վարդենիսի համանյքապետարանի ֆեյսբուքյան էջից, մայիսի 4-ին համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ համայնքապետարանի ղեկավար կազմը ներկա գտնվեց Ծովակ գյուղի բնակիչ՝ 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արշակ Մերուժանի Սահակյանի անմար հիշատակին նվիրված գրքի՝ «Ծով աչքերով Արշակը», շնորհանդեսին:

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն իր խոսքում նշեց. «Գեղարքունյաց աշխարհում՝ լեռների փեշին ծվարած գողտրիկ Ծովակում՝ մանկավարժների ընտանիքում, 2001թ-ի փետրվարի 8-ին լսվեց արու զավակի ճիչ, որի լինելիությամբ տունը առավել փթթեց, ծաղկեց, լցվեց երջանկությամբ: Ծնվեց սպասված մինուճար որդին՝ մեր Արշակը…. Ստացավ մանկավարժ պապի, հոր, մոր հայեցի դաստիարակությունը, ձեռք բերեց գյուղի դպրոցի բանիմաց ուսուցիչների կողմից հաղորդված գիտելիքները, իսկ ընկերական միջավայրում նրան սիրեցին, հարգեցին… Ծով աչքերով ծովակցի Արշակի հետ գյուղի գրեթե բոլոր բնակիչները հույսեր էին կապել, քանի որ նրա խրոխտ հայացքում ապրում էր ուժեղ ոգի, կամք, հավատամք՝ իր հայրենիքի նկատմամբ մեծ պարտավորություն…

Բարձր գնահատականներով դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակեց մայրաքաղաք Երևանի բժշկական քոլեջում. Ուխտել էր, որ հայ հանրությանը պիտի օգտակար լինի….

Հայ քաջազուն Արշակը, դառնալով երանելի պատանի, լի՝ երիտասարդական ավյունով, նպատակներով, ուժով, կորովով, 2019 թ-ի հուլիսի 21- ին զորակոչվեց Հայոց բանակ: Ծառայում էր ամենայն պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ: Սակայն 2020թ-ի աշնանը սկսվեց անողոք, ջահել կյանքեր արմատախիլ անող պատերազմը, պատերազմը չխնայեց նաև մեր Արշակի կյանքը…

Նա առյուծաձև Մհերի պես կռիվ տվեց Արցախի Հանրապետության Մարտունի 3-րդում, Վարանդայում, Հադրութում, Ջրականում և բազմաթիվ կյանքեր փրկեց՝ մատուցելով բժշկական ծառայություններ… Ուժերը հատնել էին. Կոհակ լեռան ստորոտի հենակետերից մեկում բիրտ, վայրագ թշնամին նրան մեզնից խլեց: Մեզ լեռներ շարժող հավատ և ոգեղենություն տու՛ր, հայի Աստված…ո՛չ թե արդարությունդ, այլ՝ ողորմությունդ… Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի Արցախ աշխարհի համար մատաղ կյանքդ զոհած ի'մ եղբայր: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի….

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2021 թ. նոյեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում խնկարկում և ծաղիկների խոնարհում տեղի ունեցավ արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 19-ամյա հերոս Արշակ Սահակյանի հիշատակին:

Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ովքեր 1 րոպե լռությամբ հարգեցին Արշակի ու բոլոր  նահատակված  հերոսների հիշատակը:

Արշակ Մերուժանի Սահակյանը ծնվել է 02.08.2001թ Վարդենիսի Ծովակ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում մինչև 8-րդ դասարան, այնուհետև տեղափոխվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական հենակետային քոլեջ՝ ատամնատեխնիկական ֆակուլտետ։ Ուսումն ավարտելուց հետո 21.07.2019թ ծառայության է անցել Արցախի Հանրապետության՝ Մարտունի 3 զորամասում։ Կռիվը սկսելուն պես մասնակցել է առաջին օրից մինչև Նոյեմբերի 7-ը։ Կռվել է Ջաբրայիլում, Հադրութում, Ֆիզուլիում և Կարմիր շուկայում։ Այնուհետև տեղափոխվել է Մարտունի՝ Խլուշինակ գյուղի Կոհակ սարի բարձրունքը, որտեղ էլ և նոյեմբերի 7-ին զոհվել է: Դին գտել են դեկտեմբերի 21-ին՝ նույն դիրքում։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 241+
241+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր