211652_close_icon
views-count3933 դիտում article-date 16:51 16-12-2022

Դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումները չեն արգելվի. պարզաբանում է ԿԳՄՍՆ

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։ Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ: Նշված շրջաբերականը բովանդակային որևէ առնչություն չունի ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացման հետ:

Հայաստանի Հանրապետությունը «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը վավերացրել է դեռևս 2017 թվականին՝ դառնալով միջազգային մարդասիրական այդ փաստաթղթին միացող 60-րդ երկիրը: Ներկայում հռչակագրին միացել է 115 պետություն:

Համապատասխան գրություն մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍՆ ենթակա դպրոցներին ուղարկվել է հիշյալ հռչակագրի պահանջների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, այն է՝ կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից: Ուսումնական հաստատության թիրախավորման վտանգը բարձրանում է, երբ դրա անմիջական մոտակայքում կամ հենց ուսումնական հաստատության տարածքում տեղակայվում է ռազմական բնույթի կառույց, որը հնարավոր գործողությունների պարագայում դառնում է առաջնահերթ խոցման թիրախ։ Ուստի երեխաների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիք է՝ զերծ մնալ այդ հաստատություններում ռազմական բնույթի կառույցների տեղակայումից։

Ընդ որում, լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցներ» հռչակագիրը՝ այդպիսով խաթարելով համաշխարհային կոալիցիայի՝ զինված բախումների ընթացքում կրթության ոլորտը նպատակային հարձակումներից զերծ պահելու ջանքերը: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր հենակետերը տեղադրում էր նաև կրթական հաստատությունների հարևանությամբ՝ հետագայում հայկական կողմի հասցեին հնարավոր մեղադրանքներ հնչեցնելու նպատակով:

Ինչ վերաբերում է դպրոցներում նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ապա այս առումով հետևողականորեն ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր առարկայական նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Մասնավորապես 2021 թվականից կազմակերպվում են մարզառազմական ճամբարներ, որոնք, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված, 2023-2024 ուսումնական տարվանից պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար։

Նմանատիպ նյութեր